ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին Սպիտակ տանն ստորագրել է հրամանագիր կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով երկրում կառույց ստեղծելու մասին՝ իր կողմնակից միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրի տեքստը հրապարակել է Սպիտակ տունը։
«Սույն գործադիր հրամանագրով ստեղծվում է Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE)՝ իրականացնելու նախագահի DOGE օրակարգը՝ արդիականացնելով դաշնային տեխնոլոգիաները և ծրագրակազմը՝ առավելագույնի հասցնելու կառավարության արդյունավետությունն ու արտադրողականությունը», - նշված է փաստաթղթի տեքստում:
Լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք Մասկը հարկաբաժին կստանա Սպիտակ տան արևմտյան թևում, որտեղ գտնվում են Օվալաձև աշխատասենյակը և պետության ղեկավարի մերձավոր օգնականների ու խորհրդականների գրասենյակները։
«Ոչ, նա կստանա 20 հոգուց բաղկացած աշխատակազմ, որոնց աշխատանքի են ընդունել, որպեսզի հետևեն, որ այդ ամենն իրականացվի», - պատասխանել է Միացյալ Նահանգների ղեկավարը։
Թրամփը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում «կա խնդիր, երբ հրամանագրերը չեն կատարվում վեց ամսվա ընթացքում»։ Նրան հարցրել են, թե Մասկը կօգնի արդյոք հրամանագրերի իրականացման հարցում։
«Ոչ, Իլոնը շատ զբաղված է՝ ուղարկելով բազմաթիվ արբանյակներով կրող հրթիռներ տարբեր վայրեր», - պատասխանել է Թրամփը:
Ինչպես պարզաբանում է NBC News հեռուստաալիքը, չնայած անվանմանը, կառույցը չի լինի լիարժեք նախարարություն կառավարության ներքո, ինչպես Պենտագոնը կամ Պետքարտուղարությունը։ Նման գերատեսչության ստեղծման համար պահանջվում է Կոնգրեսի հավանությունը: Նոր մարմինը կմնա կառավարության կառուցվածքից դուրս: