Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, ինչպես նաև այդ համատեքստում Հայաստանի անելիքներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նախ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից վարվելիք արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։
Նրա խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ, այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի կառավարման ժամանակահատվածում չեն լինի, որովհետև նման գլոբալ փոփոխությունների գնալն ու այս կամ այն երկրի հետ թշնամանալը չի բխում ԱՄՆ-ի շահերից, քանզի դա կլինի գլոբալ աշխարհակարգի փլուզում, և նման քաղաքականություն վարելու համար Թրամփը համապատասխան ռեսուրս չունի։
«Պետք է հաշվի առնել երկու իրողություն։ Առաջինը Դոնալդ Թրամփի հայտարարություններն են, հատկապես դրանց մի մասը, որոնք առնչվում են Կանադային, Պանամային և Գրենլանդիային, որտեղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ազդարարում է շատ լուրջ փոփոխությունների մասին ամերիկյան քաղաքականության մեջ, որովհետև նախկինում Միացյալ Նահանգների ոչ մի վարչակազմ նման հայտարարություններ չի արել, որոնք իրենց մեջ պարունակեին նման վտանգ։ Դա խոսում է ամերիկյան նոր վարչակազմի կողմից գլոբալ փոփոխություններ իրականացնելու ցանկության մասին»,- ասաց Ստեփանյանը։
Նրա դիտարկմամբ՝ մյուս գործոնը վերաբերում է իրական քաղաքականությանը, բայց պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի շահերին այս պահին առաջին հերթին վտանգ է ներկայացնում Չինաստանը, որը Միացյալ Նահանգների գլոբալ մրցակիցն է ու հակառակորդը։ Տվյալ դեպքում մնացած խոսակցությունները Ռուսաստանի մասին, ըստ նրա, երկրորդական-երրորդական նշանակություն ունեն։ Վերոհիշյալ երկու գործոնները համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ Թրամփի պաշտոնավարման երկրորդ շրջափուլում մեծ փոփոխություններ, այնուամենայնիվ, չեն լինի։
«Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշումները կմեծանան։ Հույս ունեմ, որ ուղիղ պատերազմական գործողություններ չեն լինի, որովհետև Իրանը Հայաստանի համար անվտանգային երաշխավորներից մեկն է, և մենք կառուցում ենք մեր անվտանգությունն այդ թվում նաև Իրանի հետ հարաբերություններով։ Այս առումով Իրանի չեզոքացումը՝ որպես տարածաշրջանային գործոն, չի բխում մեր շահերից։ Մնում է հուսալ, որ Իսրայելին իր հերթին չի հաջողվի Իրանի դեմ ճնշումը հասցնել այն մակարդակի, որ մեր հարևան երկրի, գործոնը՝ որպես տարածաշրջանային տերություն, վերջնականապես հավասարեցվի զրոյի»,- ասաց Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ ամերիկյան քաղաքականությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում կմնա նույնը, եթե հայկական կողմը դրանով չզբաղվի։ Ըստ Ստեփանյանի՝ այստեղ շատ բան կախված է նաև մեր դիրքորոշումից, նրանից, թե ինչպես կիրագործվեն ճանապարհային քարտեզի, այն փաստաթղթի դրույթները, որը ստորագրվել է ապրիլի 5-ին Բրյուսելում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև, ինչպես կիրագործվեն նաև այն դրույթները, որոնք ամրագրված են օրեր առաջ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կնքված կանոնադրությունում, նաև նրանից, թե առհասարակ հայկական կողմը ինչ առաջարկներով հանդես կգա։
«Եթե լինենք ակտիվ ու Միացյալ Նահանգների նորանշանակ պետքարտուղարին առաջարկենք միջնորդական դեր հայ-ադրբեջանական խնդիրների լուծման մեջ, ապա չեմ կարծում, որ ամերիկացիները դա հաշվի չեն առնի։ Ալիևն ամեն ինչ անում էր, որպեսզի հակառակվեր Բայդենի վարչակազմի դիրքորոշմանը և ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության պայմանագիրը չստորագրվի։ Հիմա պետք է նույնը բացատրել ԱՄՆ-ի նոր վարչակազմին։ Մյուս կողմից Ադրբեջանը նույնպես ցանկանում է նման կանոնադրություն ստորագրել ԱՄՆ-ի հետ, ինչպես դա արեց Հայաստանը։ Շատ լավ, մենք պետք է անենք այնպես, որպեսզի ԱՄՆ-ն իր միջնորդական դերակատարումն առաջարկի նաև հանրապետականների իշխանավարման օրոք։ Այդ դեպքում, եթե Ալիևը համաձայնվի, շատ լավ, եթե ոչ, շատ ավելի լավ, քանզի դա միայն կամրապնդի մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև կնքված ռազմավարական գործընկերության համաձայնագրին՝ Ստեփանյանն ընդգծեց, որ այդ փաստաթուղթն, այնուամենայնիվ, ունի շատ սահմանափակ նշանակություն, որովհետև որոշ հարցերում Իրանի և Ռուսաստանի շահերը, նրա դիտարկմամբ, մեր տարածաշրջանում չեն համընկնում։
«Ռուսաստանը ցանկանում է Մեղրիով անցնող ճանապարհն ինքը վերահսկել իր անվտանգության դաշնային ծառայության միջոցով, ինչը նշանակում է մեր ինքնիշխանության մի մասի հասցեագրում Ռուսաստանին, ինչը մեզ համար ընդունելի չէ, իսկ Իրանի համար ընդունելի չէ, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը տուժի և Հայաստանն ավելի մեծ կախվածություն ունենա Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ հարցում Իրանի և ՌԴ-ի շահերն իրար հակասում են։ Իրանը և Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանն ու Թուրքիան մեր տարածաշրջանում հակառակորդ պետություններ են։ Եթե Թուրքիան և Ռուսաստանն ունեն ժամանակավոր, իրավիճակային շահերի համընկնում, ապա Իրանի և Ռուսաստանի դեպքում դա չկա։ Ոչ ոք չի ասում, որ դա չի կարող հետագայում տեղի չունենալ»,- մեկնաբանեց Ստեփանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ ռուս-իրանական ռազմավարական համաձայնագիրը ստորագրվեց այն ժամանակ, երբ Իրանը թուլացավ՝ կապված Սիրիայի իրադարձությունների հետ։
«Սիրիայից գնացին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Այսինքն՝ Իրանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է ՌԴ-ի հետ հաստատել նման հարաբերություններ, որպեսզի գոնե որոշակի չափով բարձրացնի իր անվտանգային երաշխիքները հարավկովկասյան տարածաշրջանում։ Հայաստանի պարագայում կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով այս տարի ՌԴ-ի և Իրանի միջև վերոհիշյալ հարցում որևէ կոնսենսուս չեմ սպասում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Քանի որ ռուս-իրանական համաձայնագրում կարևոր տեղ է հատկացվել նաև Հյուսիս-Հարավ լոգիստիկ առանցքին, քաղաքագետը շեշտեց, որ դա բխում է ՀՀ-ի շահերից, սակայն այստեղ էլ կա էական խնդիր։
«Հյուսիս-Հարավը կարող է անցնել նաև Ադրբեջանի տարածքով։ Մինչև հիմա չկա հստակություն։ Ադրբեջանական ուղիով Իրանը շահագրգռված չէ, քանզի այդ դեպքում կունենա հավելյալ կախվածություն Բաքվից, հետևաբար նախընտրում է Հայաստանով անցնող ճանապարհը, մինչդեռ Ռուսաստանն իր հերթին առաջնահերթ է համարում ադրբեջանական երթուղին, որպեսզի մեզ վրա ունենա հավելյալ ազդեցության լծակ, իսկ այդ դեպքում Ադրբեջանը կարող է մեր երկիրը մեկուսացնել տարածաշրջանային նախագծերից՝ հայտնելով, թե Հայաստանը չի ուզում իրեն նվիրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք այստեղ ունենք շատ մեծ աշխատանքի դաշտ՝ հաշվի առնելով նաև Հնդկաստանի գործոնը, քանի որ Հյուսիս-Հարավ ուղու առանցքային կետով՝ իրանական Չաբահար նավահանգստի աշխատանքով շահագրգռված է հնդկական կողմը։ Հնդկաստանը փորձում է նաև մեր միջոցով պայմանավորվել Իրանի հետ, որպեսզի տարանցիկ ճանապարհը սկսի անխափան աշխատել։ Բանակցությունները շարունակվում են, մեր անելիքներն այստեղ շատ են»,- եզրափակեց քաղաքագետը։