Քաղաքականություն

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին

2 րոպեի ընթերցում

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա բարդությունները, հայտարարել է, որ չգիտի մի երկիր, որի հետ հարաբերությունները կարելի է պարզ անվանել։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Ես չգիտեմ մի երկիր, որի հետ հարաբերությունները պարզ կանվանեի»,-նշել է Լավրովը։ 

Նա կարծիք է հայտնել, որ նման բան չի լինում, քանզի ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և որքան մոտ են երկրներն ու ժողովուրդները, այնքան հարուստ է նրանց փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգության, տնտեսական, հումանիտար, մշակութային։ 

Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ որքան հարուստ են հարաբերությունները, այնքան գործնական հարցեր են առաջանում։ 

«Բացի դրանից, իհարկե, կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք, ինձ թվում է, միտումնավոր կերպով որոշ շրջանակների կողմից սրվել են։ Դրա մասին ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել են, այդ թվում՝ իրենց վերջին հանդիպումների ընթացքում»,- ասել է Սերգեյ Լավրովը։ 

Լավրովը նաև հայտնել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել են, որ ինչպես նախկինում տեղի ունեցած հանդիպումներում, այնպես էլ այսուհետ անկեղծորեն և բացեիբաց խոսելու են միմյանց հետ այն հարցերի շուրջ, որոնք Ռուսաստանի վերաբերյալ անհանգստություններ են առաջացնում Հայաստանի մոտ կամ Հայաստանի վերաբերյալ՝ Ռուսաստանի մոտ։ 

«Կփորձենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեդիադաշտը չօգտագործվի մեր երկրներին բարին չցանկացողների կողմից նորմալ աշխատանքային հարաբերություններն ինչ-որ բարդ հարաբերությունների վերածելու համար»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Երևանն ու Մոսկվան ունեն ամբողջական պատրաստակամություն՝ ծավալելու անկեղծ և բաց երկխոսություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում