Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, քաղաքացիական համակարգերի պաշտպանության կատարելագործման ուղղությամբ խորհրդակցություն է անցկացվել
2 րոպեի ընթերցում
ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ հունվարի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ներկայացվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, փրկարար ուժերի պատրաստության, արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքները։
Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարել է ստորաբաժանումների ղեկավարներին` պատասխանատու ոլորտներում ցուցաբերել նախաձեռնողականություն և ծառայության բարելավման գործում հատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Ամփոփելով 2024 թվականի աշխատանքները՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել անձնակազմին` բարեխիղճ ծառայության համար, անդրադարձել է նաև մայիսին ջրհեղեղի հետևանքով աղետի գոտում փրկարարական ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքին:
Կարևորելով շարունակական բարելավման և զարգացման գործընթացը՝ Կամո Ցուցուլյանը հորդորել է անձնակազմին` աշխատանքը շարունակել բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ: