Թենիսի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սինները դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Սինների մրցակիցն աշխարհի 13-րդ ռակետ Դանիայից Հոլգեր Ռունե էր: 3,5 ժամ ձգված մրցախաղում Սինները հաղթեց 4 սեթերից հետո` 6:3, 3:6, 6:2, 6:2 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: