Աշխարհ

2024 թ. նոյեմբեր-դեկտեմբերին աշխարհում COVID-19-ով վարակվել է ավելի քան 194 000 մարդ

2 րոպեի ընթերցում

2024 թ. նոյեմբեր-դեկտեմբերին աշխարհում COVID-19-ով վարակվել է ավելի քան 194 000 մարդ

Աշխարհում ավելի քան 194 000 մարդ է վարակվել  կորոնավիրուսային վարակով և ավելի քան 2600-ը՝ մահացել COVID-19-ից 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկագիրը։

Ըստ ԱՀԿ-ի՝ նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 029 դեպք, մահվան՝ 2641 դեպք։ Նախորդ չորս շաբաթվա (հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 10) համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 6%-ով, մահացությունը՝ 24%-ով։

Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՀԿ-ի տվյալներով, COVID-19-ով հիվանդացածների թիվն աճել է 42%-ով, իսկ մահացածների թիվը՝ 6%-ով։ Միևնույն ժամանակ, մյուս տարածաշրջանների մեծ մասում նոյեմբեր-դեկտեմբերին հիվանդացության և մահացության ցուցանիշները նվազել են։ Մասնավորապես, Եվրոպայում այդ ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 7%-ով և 25%-ով։ ԱՀԿ-ն, սակայն, պարզաբանել է, որ իր մոտ առկա տվյալները «ճշգրիտ չեն արտացոլում ախտահարման մակարդակները՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի մասին թեստավորման և տեղեկացման նվազման պատճառով»: 

Նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 8-ը ԱՀԿ-ում ստացվել են հիվանդության մասին տվյալներ 81 երկրներից և տարածքներից, իսկ մահացության մասին տվյալներ՝ միայն 29-ից: ԱՀԿ-ն այս կապակցությամբ հիշեցրել է, որ կորոնավիրուսը «մնում է մեծ սպառնալիք»՝ պետություններին կոչ անելով «չվերացնել COVID-19-ի առկա ենթակառուցվածքը»:

Աշխարհում ամենատարածված շտամը մնում է JN.1-ը: Դրա առկայությունը հայտնաբերվել է 147 երկրում։

Աշխարհի առողջապահության համակարգում արտակարգ դրության ռեժիմը գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ ԱՀԿ տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 5-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 777 310 393 և մահվան 7 083 246 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում