Գրեթե 170 հազար տոննա աղտոտված ավազ և բնահող է հավաքվել Սև ծովի ափից

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ մոնիտորինգային խմբերը հետազոտել են սևծովյան ափի ավելի քան 910 կմ տարածք, որտեղից հավաքվել է 169,5 հազար տոննա ավազ և բնահող՝ աղտոտված նավթամթերքով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Այս ծավալից ավելի քան 130 հազար տոննան հեռացվել է ժամանակավոր պահման վայրեր, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Կրասնոդարի երկրամասում վերջին 24 ժամվա ընթացքում նավթամթերքի աննշան արտանետումներ են հայտնաբերվել Անապայի կենտրոնական լողափից մինչև Տեմրյուկի շրջանի Երկաթե եղջյուր հրվանդան ընկած տարածքում:

Ղրիմի Հանրապետությունում մաքրվել է ավելի քան 181,5 կմ առափնյա գիծ։ Ընդհանուր առմամբ, հավաքվել է 476 տոննա աղտոտված ավազ ու բնահող, հեռացվել է 418,5 տոննա։

Սևաստոպոլում ափից հավաքվել և հեռացվել է 212,6 տոննա աղտոտված ավազ։

Դեկտեմբերի 15-ին Կերչի նեղուցում աղետի են ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ լցանավերի կործանման հետևանքով վնասվել է նավթամթերքով լի չորս բաք, ծովն է թափվել շուրջ 2400 տոննա մազութ։

Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Սևաստոպոլում սահմանվել են տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության ռեժիմներ, ինչպես նաև գործում է արտակարգ դրության դաշնային ռեժիմ։

Հայերեն