Դեղահաբ՝ ատելության, թշնամանքի դեմ. Հովհաննես Գալստյանի «Բեմ» կինոնկարը բարձրացավ մեծ էկրան

8 րոպեի ընթերցում

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Բեմ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որին թե՛ ռեժիսորը, թե՛ նրա արվեստի երկրպագուները երկար են սպասել, հունվարի 16-ից երևանյան կինոթատրոններում է։ «Բեմ»-ը կրքի, զոհաբերության և կատարելության փնտրտուքի մասին էմոցիոնալ լիցքավորված պատմություն է, որում անձնական ու մասնագիտական հավակնությունները միահյուսվում են անվերջանալի ինտրիգների, սիրո և դավաճանության սարդոստայնի մեջ բալետի անողոք աշխարհում: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննես Գալստյանն ասում է՝ բալետում հակասություններն ու խնդիրները շատ սուր են, քանի որ պրիմա պարուհիները սահմանափակ ժամանակ ունեն. հազվադեպ է պատահում, որ նրանք մեկ կամ երկու տասնամյակ պարեն, և բալետը ֆիզիկական ծանր աշխատանք է, բեմում փայլելու կարճ շրջան, ուստի առաջատար պարուհու տիտղոսին արժանանալու  պայքարը շատ դաժան է։

«Դուք բեմում տեսնում եք հրաշք, շքեղություն, իսկ ետնաբեմում կրքեր են՝ դաժան, սուր, անարդար։ Այդպիսին է արվեստը, ուստի ես մտածեցի՝ իհարկե հաճելի է ցույց տալ գեղեցիկ կողմը, սակայն երբ հիվանդ եք, զվարճանքի փոխարեն դեղահաբ է հարկավոր, դառը հաբ, որը կարող է բուժել, ինչից հետո նոր զվարճանքի մասին ֆիլմեր կնկարահանենք։ Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը հիվանդ է և ապաքինման կարիք ունի։ Այս ֆիլմն այն մասին է, որ հակամարտությունը, ատելությունը, թշնամանքը որևէ լավ տեղ չեն հասցնում և հարկավոր է այդ ամենից ազատվել։ Ինքս անցել եմ այդ ճանապարհով, կորուստները զգացել եմ իմ մաշկի վրա։ Այս ֆիլմը հաբ է, որ կուլ եմ տվել և հիմա լցված եմ սիրով»,-ասում է Գալստյանն ու խորհուրդ տալիս լինել ներողամիտ, համբերատար, ինչի արդյունքում նպատակներին ավելի հեշտ է հասնել։

Ռեժիսորը նկատում է՝ կյանքում լինում են իրավիճակներ, երբ բախումն անխուսափելի է։ Գալստյանն հենց այդ ճանապարհով է անցել, երբ ֆիլմը ստեղծելիս տարբեր խոչըդոտների է հանդիպել, սակայն կարողացել է հաղթահարել այդ ամենը, ինչի համար շատ շնորհակալ է բոլոր աջակիցներին։

Արվեստի մասին ֆիլմ այլևս չի նկարահանի, սակայն միշտ կստեղծի, ինչպես ինքն է ասում, բնական ֆիլմեր, որպեսզի արհեստական բանականությունը մարդկանց չոչնչացնի։ «Վերջերս սարսափելի հրդեհներ էին Լոս Անջելեսում՝ կինոինդուստրիայի սրտում։ Ի՞նչ պատկերներ էինք մենք տեսնում. ասվում էր, թե ինչ գեղեցիկ է այդ ողբերգությունը, ծուխն ինչ լավ է բարձրանում և այլն։ Այդ ամենն արված էր արհեստական բանականությամբ, որը մեզ կվերացնի։ Մենք պետք է բնական ճանապարհով գնանք։ «Բեմ»-ը բնական ֆիլմ է։ Թվում է՝ բնական կինոն այնքան էլ պլպլան չէ, այնքան էլ փայլուն ու գեղեցիկ չէ,  որքան արհեստական բանականությամբ ստեղծված կինոն, որը մեզ կխժռի»,-շեշտում է ռեժիսորը։

Գալստյանը ցանկացել է «Բեմ»-ի միջոցով իր ժամանակի խնդիրներն արտացոլել։ Նա ուզել է խոսել արվեստի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մասին ու նկարահանել է «Բեմ»-ը, որի հիմքում սկզբում պարզ սցենար է եղել՝ խորեոգրաֆը, նրա մուսան ու կինը։ Հետո է ծնվել արվեստի դաժան կողմերին անդրադառնալու միտքը։

Ֆիլմում, որում կան գեղագիտություն, դերասանական գեղեցիկ խաղ, հետաքրքիր սյուժե, որի շնորհիվ հանդիսատեսը սրտատրոփ սպասում է ավարտին՝ ընթացքում կանխատեսելով գործողությունների ընթացքը, խաղում են Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բաստաջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, Լաուրա Շլեզինգերը։ 

«Ես ունեմ երկու հիմնական մարտահրավեր՝ սցենար, դերասաններ։ Շատ եմ սիրում դերասաններին, նրանց հետ աշխատանքը։ Այս կինոնկարում քիչ ենք աշխատել, որովհետև ի սկզբանե ֆիլմը սերիալի ձևաչափով ենք նկարահանել, և ժամանակը քիչ է եղել, ինչը վատ է անդրադարձել լիամետրաժ ֆիլմի վրա։ Իսկ պրիմա պարուհու դերակատար Լիլիթ Հակոբյանին հրավիրել եմ Գերմանիայից։ Նրան գտել եմ համացանցի օգնությամբ։ Նա հիանալի կարիերա ունի, Հանովերի պետական բալետի առաջատար պարուհին է, ինչը մեզ համար հպարտություն է, և ես բախտ եմ ունեցել նրա հետ համագործակցել»,-շեշտում է Հովհաննես Գալստյանը։

Կինոնկարում առանցքային է Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի կերպարը, որը կերտել է Խորեն Լևոնյանը։ Հենց նրա հերոսի շուրջ է ծավալվում ամբողջ պատմությունը։

Լևոնյանը մեծ հաճույքով է ընդունել ֆիլմում նկարահանվելու առաջարկը, քանի որ կարևորում է այն կինոնկարները, որոնք անդրադառնում են մշակույթի բնագավառի մարդկանց՝ արտիստներ, ռեժիսորներ, գեղարվեստական ղեկավարներ և այլք։ Նրա խոսքով՝ ֆիլմն իրականության փոքր մասն է արտացոլում, թե ինչպես են հնից կառչած մարդիկ փորձում վնասազերծել մեկ այլ մարդու, որն ուզում է նոր բան անել, լավ ներկայացնել երկիրը։ «Իմ կերպարը շատ հետաքրքրեց ինձ, որովհետև թե՛ թատրոնում, թե՛ բալետում շատ նմանություններ կան։ Փորձել եմ կերպարին լուրջ մոտենալ, բալետային մտածողություն հաղորդել նրան, բալետային շարժուձև, պահվածք, սակայն այն իրավիճակը, որ ներկայացվում է ֆիլմում, կարող է լինել նաև այլ թատրոններում»,-նշում է Լևոնյանն ու հավելում՝ արել է առավելագույնը, որ էկրաններից երևա ոչ թե սուտ մարդ, այլ մեկը, որին հավատում ես։ Նա ընդգծում է՝  ամեն օր նոր բան է սովորում, ինչն իր համար պարտադիր պայման է, եթե օրվա մեջ մի նոր բան չի սովորում, չի հայտնաբերում, օրը կորած է համարում։

Խոսելով իր խաղընկերուհու՝ Լիլիթ Հակոբյանի մասին, դերասանն ասում է՝ Լիլիթը պատվով է  կատարել իր աշխատանքն ու ոչ մի խոչընդոտ չի ստեղծել նկարահանման հրապարակում՝ անելով այն, ինչ պահանջվում է։ 

Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրության «Բեմ» կինոնկարի սցենարի հեղինակներն են Մարինե Զաքարյանը, Հովհաննես Գալստյանը։ Պրոդյուսերներն են Անի Գալստյանը, Լաուրա Քլևերը (Գերմանիա), Ադոլֆ Էլ Ասսալը (Լյուքսեմբուրգ), Նեժիմ Գլազգո-Մաեդան (Բրիտանիա), Կարեն Ծատուրյանը, Միհրան Ստեփանյանն ու Հովհաննես Գալստյանը։ Բեմադրող ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է։ Կինոնկարի հայաստանյան դիստրիբյուտորը «Շարմ հոլդինգ»-ն է, համաշխարհային դիստրիբյուտորը՝ «Վադի մեդիա»-ն (Լուքսեմբուրգ)։ 

«Բեմ»-ում հնչում են կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասի, Նիլս Ֆրահմի ստեղծագործությունները, Կոմիտաս՝ Լիլիթ Նավասարդյանի մեկնաբանությամբ։

Երևանյան պրեմիերային հաջորդելու է «Բեմ» ֆիլմի վարձույթը Երևանի և ՀՀ մի շարք քաղաքների կինոթատրոններում, փետրվարից՝ պաշտոնական դիստրիբուցիան Բենիլյուքսի երկրներում և միջազգային ցուցադրումները Բրազիլիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում։

Հայերեն