Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը հաճախ զինված հակամարտությունների նախադրյալ են հանդիսանում․ Ջոն Ինյարիտու

5 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողություններն ու հռետորաբանությունը բացահայտում են Բաքվի վարքագիծը, որը հաճախ զինված հակամարտությունների նախադրյալ է հանդիսանում․ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արտահայտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու մասին մտահոգությունը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ խոսելով Հայաստանի հասցեին Ադրբեջանից հնչող անվերջ սպառնալիքների և վերջինիս ոչ լեգիտիմ տարածքային հավակնությունների մասին։ 

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ՝ իսպանացի պատգամավորն այդ հարցում կարևոր է համարել Հայաստանի վարչապետի կողմից նման մտահոգության արտահայտումը՝ շեշտելով, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությունը հաճախ հանդիսանում է նաև զինված հակամարտությունների նախադրյալ։ 

«Իմ կարծիքով՝ հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակավ արտահայտել է այդ մտահոգությունը։ Վերջին տարիներին Ադրբեջանի գործողություններն ու հռետորաբանությունը բացահայտում են Իլհամ Ալիևի վարչակարգի ինքնակալ ու ավտոկրատ վարքագծին բնորոշ օրինաչափությունը, որը հաճախ զինված հակամարտությունների նախադրյալ է հանդիսանում»,-նշել է Ինյարիտուն: 

Պատգամավորի կարծիքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետագա էթնիկ զտումների ժամանակ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լիակատար աջակցությունը՝ միջազգային հանրության մեծ մասի կողմից բախվելով միայն պասիվ անտարբերության, ինչն էլ իր հերթին, կարծես, քաջալերել է Իլհամ Ալիևին, թե կարող է գործողություններ կատարել՝ առանց որևէ պատիժ ստանալու:  

«Պատերազմի (խմբ․ նկատի է առնվում 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը) և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի հետագա էթնիկ զտումների ժամանակ Ադրբեջանը ստացավ Թուրքիայի լիակատար աջակցությունը և միջազգային հանրության մեծ մասի կողմից բախվեց միայն պասիվ անտարբերության: Պատասխանատվության ենթարկվելու բացակայությունը քաջալերել է Ալիևի վարչակարգին՝ ամրապնդելով նրա համոզմունքը, թե կարող է գործել անպատիժ՝ անտեսելով միջազգային իրավունքը և մարդու իրավունքները»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Բաքվի նման պահվածքն ուղղակի վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային կայունության և ավելի լայն միջազգային կարգի համար։

Ջոն Ինյարիտուն, անդրադառնալով նաև Բաքվի կողմից հնչեցվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հորինված խոսույթին և տերմինաբանությանը, որով Ադրբեջանն, ակնհայտորեն, ցանկանում է հող նախապատրաստել Հայաստանի նկատմամբ հետագա տարածքային հավակնություններ ներկայացնելու համար, շեշտել է, որ նմանատիպ նարատիվներով հանդես գալն Իլհամ Ալիևի կողմից հաճախ օգտագործվող մարտավարություն է, որով Բաքուն իրականացնում է իր ծավալապաշտական քաղաքականությունը։   

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ադրբեջանի նարատիվը պատմական ռևիզիոնիզմի վառ օրինակ է, մարտավարություն, որը հաճախ օգտագործում է Ալիևի ավտոկրատական վարչակարգը՝ արդարացնելու իր ագրեսիվ քաղաքականությունը: Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է պատմական Հայաստանի միայն մի մասը՝ հազարամյա բնիկ ժողովրդի հայրենիքը, որը դարերի ընթացքում բազմիցս ենթարկվել է բնաջնջման և տեղահանման»,-նշել է Ջոն Ինյարիտուն: 

Նրա դիտարկմամբ՝ պատմության ընթացքում հայ ժողովրդի բնաջնջման և տեղահանման այդ գործողություններն, անկախ նրանից՝ դրանք իրականացվել են օսմանյան թուրքերի կողմից անցյալում, թե այսօր Ադրբեջանի կողմից, տարածաշրջանում հայկական պատմությունն ու ինքնությունը ջնջելու ավելի լայն փորձի մաս են կազմում:  

«Ինչպես հաճախ ասում է Թուրքիայի նախագահ Էրդողանն, Ադրբեջանն ու Թուրքիան երկու պետություններ են, բայց մեկ ազգ՝ ընդգծելով երկու երկրների միջև սերտ ռազմավարական և գաղափարական միաբանությունը»,-ընդգծել է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։ 

Հայերեն العربية English Español Français Русский 简体中文