Հայ գործարար և բարերար, «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված ապօրինի և շինծու դատական գործընթացին՝ կոչ անելով զգոն լինել՝ խուսափելու համար Վարդանյանի նկատմամբ գրոտեսկային անարդարությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նուբար Աֆեյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ կիսվելով նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությամբ։
«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,-գրել է Աֆեյանը։
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունները մեկնարկելու են հունվարի 17-ից։ Նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել ծանր հոդվածներով։ Ռուբեն Վարդանյանին առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։