ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը շահագրգռված է Մոսկվայի հետ համագործակցության բարձր մակարդակը պահպանելու հարցում, սակայն կան օբյեկտիվ հարցեր, որոնք պահանջում են առողջ և կառուցողական քննարկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ռուսաստանի հետ որևէ նոր պայմանավորվածությունների մասին այս պահին խոսել չեմ կարող։ Բայց կարող եմ ասել, որ պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա։ Բայց երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին և փորձում ենք խոսել 2022 թվականի իրադարձությունների մասին ու միանգամից տեղափոխվել 2025 թվական ու ասել, որ ամեն ինչ շատ լավ է, այդպես չէ։ Մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են։ Կարծում եմ՝ այդ օբյեկտիվ հարցերը առողջ քննարկումների արդյունքում իրենց պատասխանները պետք է ստանան։ Այդ պատասխաններից է կախված նաև մեր հետագա համագործակցության խորությունը և մակարդակը»,- ընդգծեց Պապիկյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը չի չեղարկել Մոսկվայի հետ իր երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ։
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մեր մաս լինելը, բայց դե-ֆակտո մենք որևէ մասնակցություն չունենք և մենք չենք մեղավորը, որ ՀԱՊԿ-ում գեթ մեկ սպա չկա Հայաստանի Հանրապետությունից»,- ասաց Պապիկյանը։
Նախարարը նաև անդրադարձավ երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ ընդգծելով դրանց հավասարակշռված և փոխադարձ հարգանքի վրա հիմնված լինելու անհրաժեշտությունը։ Նա հավելեց, որ նման համագործակցության համար նախադրյալները պետք է ստեղծվեն համատեղ ջանքերով, այլ ոչ թե հայտարարությունների կամ հեռուստատեսային հաղորդումների միջոցով։