Մարզեր

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ձկնագողության դեպքեր։

«Հունվարի 10-ին կեսգիշերից քիչ անց, Ծովագյուղին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում ջրից դուրս եկող ձկնորսական նավակում հայտնաբերվել է ընդհանուր 44 կգ կշռով 105 սիգ: Ծովագյուղի բնակիչ 51-ամյա հասակակից երկու տղամարդիկ հայտնել են, որ իրենք են որսացել ձկները: Նավակը և ձկները տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Նույն օրը, ժամը 10.40-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերվել են ձկներ: Վարորդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Սիգ տեսակի 90 ձուկը կշռել է մոտ 29 կգ։

Հաջորդ օրը հունվարի 11-ին ժամը 9.30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ստուգման նպատակով ջրային պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որի սրահում և բեռնախցիկում նկատել են սիգ տեսակի ձկներ:

Տղամարդն ու մեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 270 հատ ձուկը կշռել է մոտ 87 կգ: Մեքենայում հայտնաբերվել է նաև 27 տարա ձկնկիթ: 29-ամյա նորատուսցի վարորդը հայտնել է, թե հայտնաբերվածը ձեռք է բերել անծանոթ անձից: Հավելել է, որ 17 տարայում սիգի, իսկ 10 տարայում` իշխանի ձկնկիթ է:


Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ Իրավապահները մեքենայի սրահում նկատել են ձկներով լցված պոլիէթիլենային տոպրակ։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձկները պատկանում են 44-ամյա վարորդին։ 92 հատ սիգը կշռում էր մոտ 49 կգ։

Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա։ Իրավապահները բեռնախցիկում հայտնաբերել են ձկներ: Պարզաբանումների համար 50-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հայտնաբերված 317 հատ սիգի քաշը 83 կգ էր։

Հունվարի 14-ին Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը ևս Երևան-Սևան-Իջևան ճանապարհին էր։ Ստուգման նպատակով կանգնեցված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահում կրկին հայտնաբերվեց սիգ։ 30-ամյա վարորդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: 60 հատ ձուկը կշռում էր մոտ 22 կգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում