4 րոպեի ընթերցում
Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը բողոքի ակցիա է անցկացրել՝ շեշտելով, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են փետրվարի 1-ից բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում Հայկ Մարությանն ասաց՝ երբ քաղաքապետարանը որոշեց մինչև փետրվարի 1-ն ուժի մեջ թողնել մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը՝ միևնույն ժամանակ ներդնելով առաջարկվող տոմսային փաթեթները, ինքը հույս ուներ, որ այդ ժամանակահատվածում քաղաքապետարանը կհասկանար իրավիճակն ու մեկ ուղևորությունը 100 դրամ թողնելու որոշում կկայացներ, սակայն հիմա տեսնում է, որ քաղաքային իշխանությունները հակված են տրանսպորտի սակագինը բարձրացնելուն։
«Ուզում եմ ասել, որ և քաղաքացիները, և մենք լիահույս էինք, որ քաղաքային իշխանությունները կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է։ Երբ նրանք մեկ ամսով հետաձգեցին թանկացումը, ես մտածում էի, որ կարող է այս մեկ ամիսը օգնել, որպեսզի դա հասկանան, բայց ազդանշանն այն է, որ, կարծես թե, փետրվարի 1-ից ուզում են թանկացնել տրանսպորտը։ Բնականաբար, սա անընդունելի է թե մեզ, թե ժողովրդի համար, և մենք պետք է պայքարենք, մենք կանգ չենք առնելու, որովհետև սրանք իրոք անհավանական պայմաններ են մարդկանց համար»,- ասել է Մարությանը։
Նա նշեց, որ բողոքի ակցիա է հրավիրել, որպեսզի հավաքված քաղաքացիների հետ քննարկի, թե ինչպես են պատկերացնում այդ որոշման դեմ պայքարը։ «Բնականաբար, խոսքը գնալու է բոյկոտի մասին, ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան։ Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի որ ձևն ենք նախընտրելու։ Բոյկոտի ձևերից մեկը կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, մարդիկ կարող են գործադուլ անել։ Մյուս տարբերակը տրանսպորտից ընդհանրապես չօգտվելն է կամ 100 դրամ վճարելն ու առաջ անցնելը։ Տարբերակները շատ են, մենք պետք է հասկանանք, թե որ ձևն ենք նախընտրում»,- մանրամասնեց Մարությանը։
Նրա խոսքով՝ եթե մարդիկ համատարած բողոքեն, քաղաքային իշխանություններին այլ բան չի մնա, քան իրենց որոշումից հետ կանգնելը։
Մարությանը նաև հայտնեց, որ Երևանի ավագանու որոշման նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է պահպանել բոլոր այն փաթեթները, որոնք առաջարկվում են, սակայն դրան ավելանում է ևս մեկ կետ, որ մեկ ուղևորությունը լինի 100 դրամ։ «Մենք առաջարկում ենք այն, ինչ գործում է հունվարից։ Այսօր կարող ես բոլոր փաթեթներից օգտվել, իսկ մեկ ուղևորությունը 100 դրամ է, և բնակչության մեծամասնությունն էլ օգտվում է մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու տարբերակից»,- նշեց Մարությանը՝ շեշտելով, որ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է այդ տարբերակը, քանի որ դա ավելի ձեռնտու է, քան առաջարկվող փաթեթները։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանին կոչ արեց հրապարակել, թե հունվարի 1-ից քանի մարդ է գնել միասնական տոմսային նոր համակարգով առաջարկվող փաթեթներից որևէ մեկն այն պայմաններում, երբ գործում է նաև մեկ ուղևորության համար 100 դրամ սակագինը։