ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել օրինագիծ, որը Թրամփին թույլ կտա գնել Գրենլանդիան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում ԱՄՆ նախագահին իրավունք կտա բանակցություններ վարել Դանիայի հետ Գրենլանդիայի գնման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը:

Օրինագիծն ԱՄՆ ղեկավարին լիազորություն կտա «ձգտել բանակցություններ սկսել Դանիայի Թագավորության հետ՝ ապահովելու Գրենլանդիայի ձեռքբերումը Միացյալ Նահանգների կողմից», ասված է քննարկման ներկայացված փաստաթղթի նախագծում, որը պատրաստել է հանրապետական ​​կոնգրեսական Էնդի Օգլսը տասը համահեղինակների հետ։

Լրատվական հարթակն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ սա հանրապետականների կողմից առաջարկված հերթական օրինագիծն է՝ «կոչված իրականացնելու Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան էքսպանսիոնիզմի նոր դարաշրջանի տեսլականը»:

Անցյալ շաբաթ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը ներկայացրել է օրինագիծ Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանավանելու մասին, իսկ կոնգրեսական Դաստի Ջոնսոնը ներկայացրել է օրինագիծ՝ նախագահին Պանամայի ջրանցքի գնման շուրջ բանակցություններ վարելու լիազորություններով օժտելու մասին:

Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները դեմ են այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, Դանիայի կառավարությունն անձնական ուղերձ է հղել Թրամփի թիմին՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել ԱՄՆ ռազմական ներկայության մեծացման հարցը Գրենլանդիայում։

Ավելի վաղ Թրամփը ցանկություն է հայտնել Գրենլանդիան ներառել Միացյալ Նահանգների կազմում, քանի որ դա, նրա կարծիքով, կհամապատասխանի Վաշինգտոնի ազգային շահերին։ Ընդ որում, նա չի բացառել, որ այդ նպատակին հասնելու համար կարող է դիմել ռազմական ուժի կիրառման:

Եվրոպա

Դանիան հաստատել է արկտիկական տարածքների շուրջ Թրամփի հետ երկխոսության պատրաստակամությունը

 

Հայերեն Русский