Մարզեր

Բարեսիրական ծրագրի շրջանակներում Սևանի դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նոր գույքով

2 րոպեի ընթերցում

Բարեսիրական ծրագրի շրջանակներում Սևանի դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նոր գույքով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի և ԱՄՆ «Հայ դպրոց» հիմնադրամի համագործակցության արդյունքում 2025 թվականին ևս Սևանի դպրոցները կապահովվեն անհրաժեշտ նոր գույքով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, տարիներ շարունակ «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերի շահառուներ են դարձել Սևան համայնքի նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք համալրվել են անհրաժեշտ նոր գույքով։

Հիմնադրամի առատաձեռնությունը 2025 թվականին էլ ունենալու է շարունակություն:

Սևանի տարածաշրջանում հիմնադրամի աշխատանքները համակարգող, «Սևան» թերթի խմբագիր Պապ Հայրապետյանի փոխանցմամբ՝ հիմնադրամում արդեն հաստատվել է այն հաստատությունների ցանկը, որոնք այս տարի կստանան նվիրատվություն։ 

Լոս-Անջելեսից ստացված տեղեկատվության համաձայն՝ լիովին կփոխվի Սևանի Յակով Զարուբյանի անվան թիվ 2 դպրոցի գույքը։ 

Նոր գույք կստանա Ծովագյուղի միջնակարգ և Սևանի Վլ. Կարապետյանի անվան հիմնական դպրոցների երկու դասարան, Գագարինի միջնակարգ դպրոցում մեկ դասարան կթարմացվի նոր գույքով։

Նոր գույք ստացողների ցանկում է նաև Սևան քաղաքի «Բոժոժիկ» մսուր-մանկապարտեզը։ Դպրոցական պահարաններ, ուսուցչական սեղան-աթոռներ կստանան Գեղամավանի և Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցները։ 

Տարվա ընթացքում նոր գույք կստանա նաև Սեմյոնովկա բնակավայրի դպրոցը, որի հայտը քննարկման փուլում է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում