ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու «Հայք- 21» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է «Հայք- 21»-ի «Ֆայն Օիլ» ապրանքանիշի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
«Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով:
Մեր նպատակն է, որ հայ ուսանողները և մասնագետները նույնպես ունենան հնարավորություն օգտվելու այդ գիտելիքներից՝ այն էլ հայերենով և տեղայնացված օրինակներով»,- ասաց Մերի Գրիգորյանը:
«Հայք- 21» ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Գրիգորյանը նշեց, որ իրենց ընկերությունն առաջինն ու միակն է Հայաստանում, որ շարժիչային և արդյունաբերական յուղեր է արտադրում:
«Մենք ներկայացնում ենք «Ֆայն Օիլ» ապրանքանիշը, որի ամբողջ տեսականին արտադրվում է միջազգային հումքով: Բոլոր պրոդուկտները գրանցված են միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց նա:
Գայանե Գրիգորյանը, խոսելով նախագծին միանալու որոշման մասին, նշեց՝ սա միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանքը հանրության ավելի լայն շերտերին ներկայացնելու լավ հնարավորություն է:
«Մենք ցանկանում ենք, որ բոլորը ծանոթանան գործարանի ստեղծման հաջողության պատմությանը, ինչու չէ, ոգեշնչվեն և իրենք էլ փորձեն մի նոր պրոդուկտ ստեղծել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,- եզրափակեց Գայանե Գրիգորյանը:
Գրքում տպագրվող ընկերությունների հաջողության պատմությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունները կարող են կայքում լրացնել գրանցման հայտը։