Տնտեսություն

«Հայք-21» ընկերության և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր

3 րոպեի ընթերցում

«Հայք-21» ընկերության և ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր

ԱՊՀ երկրներում «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ն ու  «Հայք- 21» ՍՊԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է «Հայք- 21»-ի «Ֆայն Օիլ» ապրանքանիշի հաջողության պատմությունն ընդգրկել պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի հեղինակած  «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գրքում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՊՀ  երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ, «AWE Consulting» ՍՊԸ-ի Հայաստանի գործընկեր Մերի Գրիգորյանը նշեց՝ «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները»-ը պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի և «Kotler Impact»-ի վերջին համաշխարհային նախաձեռնությունն է, որն ընթանում է աշխարհի 50-ից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 

«Յուրաքանչյուր երկրի հրատարակությունում տեղ են գտնելու տվյալ երկրում գործունեություն ծավալող լավագույն ընկերությունների հաջողության պատմությունները և նրանց իրականացրած մարքեթինգային ռազմավարությունները: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքներ. Հայաստանի հրատարակություն» գիրքը լույս կտեսնի 2025 թվականին՝ հայերենով և անգլերենով: 

Մեր նպատակն է, որ հայ ուսանողները և մասնագետները նույնպես ունենան հնարավորություն օգտվելու այդ գիտելիքներից՝ այն էլ հայերենով և տեղայնացված օրինակներով»,- ասաց Մերի Գրիգորյանը:

«Հայք- 21»  ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Գրիգորյանը նշեց, որ իրենց ընկերությունն առաջինն ու միակն է Հայաստանում, որ շարժիչային և արդյունաբերական  յուղեր է արտադրում:

«Մենք  ներկայացնում ենք «Ֆայն Օիլ» ապրանքանիշը, որի ամբողջ տեսականին արտադրվում է միջազգային հումքով: Բոլոր պրոդուկտները  գրանցված են միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց նա:

Գայանե Գրիգորյանը, խոսելով նախագծին միանալու որոշման մասին, նշեց՝ սա միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանքը  հանրության ավելի լայն շերտերին ներկայացնելու լավ հնարավորություն է:

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը ծանոթանան  գործարանի ստեղծման հաջողության պատմությանը, ինչու չէ, ոգեշնչվեն և իրենք էլ փորձեն մի նոր պրոդուկտ ստեղծել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս»,- եզրափակեց Գայանե Գրիգորյանը:

Գրքում տպագրվող ընկերությունների հաջողության պատմությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունները կարող են կայքում լրացնել գրանցման հայտը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում