Աշխարհ

Հնդկական արմատներ ունեցող պատգամավորը հայտարարել է, որ պայքարելու է Կանադայի վարչապետի պաշտոնի համար

2 րոպեի ընթերցում

Հնդկական արմատներ ունեցող պատգամավորը հայտարարել է, որ պայքարելու է Կանադայի վարչապետի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի պատգամավոր, ծագումով հնդիկ Չանդրա Արիան առաջինն է, որը պաշտոնապես հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնի նկատմամբ իր հավակնությունների մասին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Պատգամավորը դարձավ լիբերալների խմբակցության առաջին անդամը, որը հայտարարեց իր մտադրությունների մասին. «Ես առաջադրվում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում՝ ավելի կոմպակտ, ավելի արդյունավետ կառավարություն գլխավորելու համար, որը կվերականգնի մեր երկիրը և բարգավաճում կապահովի հաջորդ սերունդների համար»,-ասվում է Արիայի հայտարարության մեջ:

Արիան արտահայտվել է կառավարման միապետական ձևը վերացնելու օգտին՝ հայտարարելով, որ իր կառավարությունը Կանադան կդարձնի «ինքնիշխան հանրապետություն»:

Լիբերալ կուսակցության ազգային խորհրդի նիստը սպասվում է հունվարի 23-ին, որը պետք է որոշի հաջորդ առաջնորդին և վարչապետին ընտրելու մրցարշավի պայմանները: Իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին են արդեն հայտնել մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, Ինովացիաների նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը, Բնական պաշարների նախարար Ջոնաթան Ուիլքինսոնը և Զբաղվածության նախարար Սթիվեն Մաքքինոնը:

Հունվարի 6-ին Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին, երբ ընտրվի դրա նոր ղեկավարը: Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի իր պարտականությունները կատարել մինչև այդ գործընթացի ավարտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում