Տնտեսություն

Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի

3 րոպեի ընթերցում

Մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ավանդների փոխհատուցում կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, մանրամասնելով, որ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։

Նախարարությունից հիշեցնում են, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. 

  • Անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ
  • Ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը, կամ սոցիալական ապահովության քարտը, կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք
  • Ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում)
  • Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին
  • Ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև՝

  • ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
  • Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում
  • ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում