ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին են ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ներկայացնելով ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանն ունեն աշխատանքային հարուստ փորձ, իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են քննիչի աշխատանքից, զբաղեցրել են նաև ղեկավար պաշտոններ, ունեն մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշներ, մշտապես աչքի են ընկել պրոֆեսիոնալիզմով, կատարողական բարձր ցուցանիշներ են արձանագրել և այսօր պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը։ ՀՀ ՔԿ նախագահը հույս է հայտնել, որ արդյունքները տեսանելի ապագայում երկար սպասեցնել չեն տա:
Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Մելիքյանին՝ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել վերջինիս:
Ըստ աղբյուրի՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Վազգեն Ավետիսյանը և Արթուր Նահապետյանը շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրենց վստահելու համար և հավաստիացրել, որ գործադրելու են առավելագույն ջանքեր պատշաճ և համակողմանի նախաքննության իրականացումն ապահովելու, հասարակության շրջանում Քննչական կոմիտեի հեղինակությունը բարձրացնելու, հանրության սպասելիքներն արդարացնելու համար:
Խորհրդակցության վերջում Քննչական կոմիտեի նախագահը Արթուր Մելիքյանին պարգևատրել է հուշանվեր ժամացույցով: