ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կատարողականը կազմել է շուրջ 1 մլրդ 450 միլիոն դրամ, ինչը մոտ 350 մլն դրամով գերազանցում է 2023-ի ցուցանիշը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«2025 թվականի գարունը լավ առիթ կտա կրկին անդրադառնալու այս ոլորտում մեր կատարողականին: 2024 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել էի, որ մեր աշխատանքի արդյունքում 2023 թվականի համեմատ ունենալու ենք առնվազն 200 մլն դրամով ավելի կատարողական՝ գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների մասով: Ամփոփելով մեր նախնական տվյալները՝ կարող եմ ասել, որ շուրջ 1 մլրդ 450 միլիոնի շրջանառություն ենք ունեցել, մինչդեռ 2023-ին՝ 1.1 միլիարդ էր»,- նշեց նախարարը:
Նա հայտնեց նաև, որ 2024-ի հոկտեմբերի դրությամբ կատարողականի ցուցանիշները համեմատաբար ավելի ցածր էին, որովհետև պայմանագրերը հիմնականում կնքվում են նոյեմբերի վերջին և դեկտեմբեր ամիսներին:
Նրա գնահատմամբ՝ 2024 թվականը ինչ-որ իմաստով բեկումնային է, որովհետև օրենքում կատարված մեծածավալ փոփոխությունները, ինչպես նաև մի քանի այլ դրույթներ հեշտացնելու են պրոցեսները և պետական դրամաշնորհային ծրագրերն ավելի գրավիչ են դարձնելու ռազմարդյունաբերողների համար: