Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի առաջին միաեղջյուր ընկերություն՝ Picsart

3 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարն այցելել է Հայաստանի առաջին միաեղջյուր ընկերություն՝ Picsart

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր  տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փոխնախարար Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Հայաստանի առաջին միաեղջյուր Picsart ընկերություն, որը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակներից մեկն է՝ ամսական ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատերով։ 

«Picsart-ի հիմնադիր և գործառնական տնօրեն Հովհաննես Ավոյանի, արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Մադլեն Մինասյանի և կազմակերպչական արդյունավետության տնօրեն Նազելի Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարը  շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, առաջիկա տարիների զարգացման ծրագրերին և նպատակներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Ընկերությունում հայտնել են, որ Picsart-ում յուրաքանչյուր ամիս մոտ 1 միլիարդից ավելի պատկեր է ստեղծվում, խմբագրվում և տարածվում։ Picsart-ում առանձնակի կարևորվում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ճյուղերի զարգացումը:

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել նաև Picsart Academy-ի գործունեությունը, որը նոր սերնդի համալսարան է։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաև Picsart Academy-ն Հայաստանի սահմաններից դուրս բերելու, նաև՝ մարզերում ընդլայնելու վերաբերյալ: 

Նախարարը նշել է, որ  տեխնոլոգիական ոլորտը Կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։ Քննարկվել են  փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Կարևորվել է նման ձևաչափով  հանդիպումների կազմակերպումը, ինչն էականորեն կնպաստի ոլորտային ընկերությունների հետ համագործակցության ամրապնդմանը։ 

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը։

Picsart ընկերությունը գրասենյակներ ունի աշխարհի մի շարք երկրներում: Ընկերության աշխատակիցներից ավելի քան 400-ն աշխատում են հենց Երևանի գրասենյակում: Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում Picsart-ի հավելվածի միջոցով, որը հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում