Քաղաքականություն

Դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ․ Փաշինյանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին

6 րոպեի ընթերցում

Դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ․ Փաշինյանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ հայտարարություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ընտանեկան փոդքասթ»-ի երկրորդ թողարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի խոսույթին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։ Նրա խոսքով՝ հենց այս հիմնավորմամբ և այս կոնցեպտի վրա է Հայաստանը կառուցում իր անվտանգությունը, հետևաբար որևէ մեկը Հայաստանի պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել։ 

Վարչապետի կարծիքով՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է զարգանա՝ դառնալով իրական տարածաշրջանի գաղափարախոսություն, ինչը շատ կարևոր նրբություն է։  

«Ժամանակ առ ժամանակ Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանից հնչում են հայտարարություններ՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան»․ մենք պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրենք այս խնդրի կամ այս խոսույթի նկատմամբ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ես ձևակերպումը տվել էի, որ եթե խոսում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին, ըստ էության, իմ ասածն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Ըստ վարչապետի՝ կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը հենց իրական Հայաստանն է՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքնիշխանությամբ, և այդ գիծը անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքն ինչ-որ առումով դնել կասկածի տակ։ 

«Եվ այս պայմաններում դեռ մեզ ասում են՝ գիտեք ինչ, մենք ձեր ապրելու իրավունքը կասկածի տակ ենք դնում, բայց դուք ոնց որ զենք-զինամթերք եք ձեռք բերում և ուզում եք պաշտպանունակ բանակ ունենալ»,-նկատել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ իրական Հայաստանի մասին խոսակցությունը ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի։ 

«Սա շատ կարևոր նրբություն է, որը ոչ թե ամբողջն է, այլ այն հիմնաքարն է, որի վրա մենք մեր անվտանգության կոնցեպտը պետք է կառուցենք։ 

Հիմա Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնց նպատակն ինչն է, որ իրենք  ագրեսիվ տոնայնությամբ մեզ բան ասեն, մենք էլ իրենց ասենք, իրենք իրենց ագրեսիվ տոնայնությունը մեծացնեն, մեծացնեն և տարածաշրջանում ստեղծեն պայթյուն, բայց այստեղ կա այդ իրավիճակը կառավարելու հայեցակարգային հիմքը և կա գործնական հիմքը․ հայեցակարգային հիմքը իրական Հայաստանն է, երբ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով, սահմաններով կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։ Ասում ենք՝ սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք սրանից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ, ՀՀ տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան»։ Հենց այս հիմնավորմամբ և այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար ոչ մեկ մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել, դա աբսուրդ և ոչ լեգիտիմ խոսույթ է»,-ընդգծել է վարչապետը:  

Նրա խոսքով՝ աշխարհում ինչ էլ որ կատարվել է կամ կատարվում է, երկրների տարածքային ամբողջականությունը ոչ մեկ ո՛չ չեղարկել է, ո՛չ էլ կչեղարկի․ «Այդ սկզբունքը կա և շարունակելու է լինել բոլոր դեպքերում, և սա անվտանգության հիմնաքարն է»։

Վարչապետի դիտարկմամբ՝ եթե իրական Հայաստանի կոնցեպտի վրա չէ, որ կառուցվում և հզորացվում է բանակը և այդ բանակը երկրի պաշտպանունակության լեգիտիմ իրավունքի վրա չէ հիմնված, ապա այն հեշտությամբ կարող է թիրախ դառնալ, իսկ եթե այդ բանակի հիմքում իրական Հայաստանն է, ապա հեշտությամբ թիրախ չի կարող դառնալ։ 

«Մի ուրիշ նրբություն էլ եմ ուզում ասել, որը գիտեմ՝ աղմուկ կառաջացնի․ ասում ենք՝ Արևմտյան Ադրբեջանը Ղազախի, Աղստաֆայի, Թովուզի, Գետաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններն են։ Դրանից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չի եղել, չկա ու չի կարող լինել։ Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, երբ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, մենք էլ պետք է հասկանանք, որ Արևմտյան Հայաստանն Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, Արագածոտնի մարզի Բաղրամյանի շրջանն է, Թալինի շրջանն է, Մարալիկի տարածաշրջանն է․ սա շատ կարևոր է, որովհետև իրական Հայաստանը իրական տարածաշրջանի մեջ է։ Ինչպես «Արևմտյան Ադրբեջան» չի կարող լինել Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստան էլ չի կարող լինել Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է։ Սա մեր անվտանգության կոնցեպտն է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա այն բանաձևն է, որը Հայաստանին թույլ է տալու առկա միջավայրում ապրել։ 

Վարչապետի խոսքով՝ բոլոր դեպքերում Հայաստանը պետք է չտրվի այս տրամաբանությունից իրեն դուրս գցելու և իրական Հայաստանի խաղաղության կոնցեպտից դուրս դնելու՝ Ադրբեջանի և առնվազն որոշ շրջանակների որոշ փորձերին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում