Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 3 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 4 անշարժ գույք՝ Վանաձոր քաղաքում
- 1 տրանսպորտային միջոց
- 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ
- 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: