Հայաստան

Մնայուն արժեքներից մինչև ազգային հեղինակավոր բրենդի կայացում․ Երեմյան ընկերությունների խումբն ամփոփում է 2024-ը

12 րոպեի ընթերցում

Մնայուն արժեքներից մինչև ազգային հեղինակավոր բրենդի կայացում․ Երեմյան ընկերությունների խումբն ամփոփում է 2024-ը

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ամփոփում է 2024 թվականը՝ ներկայացնելով ձեռքբերումները գյուղատնտեսությունից մինչև հյուրընկալություն, կրթությունից մինչև առողջ սնվելու սովորությունների ձևավորում հասարակության շրջանում, միջազգային համագործակցություններից մինչև երկրում տնտեսության զարգացման հեռանկարներ:

Հաջողելու մեր գրավականը շուրջ 20-ամյա գործունեությամբ ամրագրված կայուն արժեքներն են

All.png

2024 թվականը մենք ամփոփում ենք բազմոլորտ հաջողություններ արձանագրելով։ Այս տարի ևս վերահաստատեցինք մեր ամուր կամքը աշխատանքով, ստեղծարարությամբ ու նոր ծրագրերով զարգացնելու Հայաստանը, նոր թափով շարունակելու մեր ճանապարհը։ Ճանապարհ, որը ոչ միայն մեր զարգացման ուղին է, այլև ուղիղ փոխկապակցված է հայրենիքի առաջընթացին, միջազգային և տարածաշրջանային ճանաչմանը, զբոսաշրջության զարգացմանը, առողջ սերնդի ձևավորմանը, ազգային բրենդի կայացմանը։ 2024-ին այս ոլորտներում գործունեությունը շարունակել ենք մեզ հատուկ պատասխանատվությամբ, համառությամբ և պրոֆեսիոնալիզմով։

Այս պատասխանատու աշխատանքում հաջողում ենք մեր որդեգրած կայուն արժեքներով՝ մարդ, որակ, նորարարություն: Արժեքներ, որ շուրջ 20 տարի եղել և մնում են Երեմյան ընկերությունների խմբի անկյունաքարերը և ձեռքբերումների գրավականը։

Մարդը մեզ համար բարձրագույն արժեք է, որակը մեր աշխատանքի նշաձողն է, իսկ նորարարությունը մեր կողմից ներդրված ոլորտային, մասնագիտական, հասարակական փոփոխություններն են։ Այս հայեցակարգերի ամբողջությունը և դրանց իրականացումը մեզ հնարավորություն են տվել ընդլայնել մեր ազդեցությունը հյուրընկալությունից մինչև գյուղատնտեսություն ու տարածաշրջանային դիրքավորում, կրթությունից մինչև միջազգային համագործակցություններ և գրանցել մեծ ձեռքբերումներ: 

Այդ ձեռքբերումները մենք միշտ ուրախ ենք կիսել ձեզ հետ։

Կայուն զարգացում և պարենային անվտանգություն․ գյուղատնտեսության առաջընթացի մեր հայեցակարգը

Սկսելով գյուղատնտեսությունից, մասնավորապես տոհմային անասնապահությունից, պետք է արձանագրեմ, որ այս ոլորտում մենք ընդլայնվում ենք՝ նպատակ ունենալով տեխնոլոգիական նորարարությունների միջոցով խթանել ոլորտի արդիականացումն ու առաջընթացը, դարձնել այն արդյունավետ և մրցունակ, մեր ներդրումն ունենալ մարդկային, ինստիտուցիոնալ կարողությունների և գյուղական համայնքների կայուն զարգացման գործընթացում, նպաստել պարենային անվտանգությանը։

Գյուղատնտեսական նախագծերի հիմքում ունենալով «Սերմից՝ սեղան» հայեցակարգը` մեր ընկերությունը նոր էջ բացեց Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ սահմանելով որակական ամենաբարձր նշաձողը։ 

Այս ամենը սկսվեց 2023 թ․-ի հոկտեմբերից, երբ Լոռու մարզի Տաշիր համայնքում բացվեց տարածաշրջանում եզակի խելացի ու ճշգրիտ տոհմային անասնապահական մեր ֆերման, և ամրագրվեց 2024 թ. մայիսին կաթի վերամշակման գերհզոր, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ISO միջազգային ստանդարտներին համապատասխանող գործարանի բացումով։ Այսօր մենք այն եզակի արտադրողներից ենք, որ մեր սպառողներին ենք ներկայացնում միայն Ա կարգի կաթից պատրաստված և ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ավելի քան 50 տեսակ արտադրանք՝ ամբողջովին բնական, առողջարար և անարատ։ Կարող ենք նաև արձանագրել, որ Երեմյան կաթնամթերքը քայլում է ազգային բրենդ դառնալու ճանապարհով՝ աշխարհին ներկայացնելով հայկական արտադրանքի աննախադեպ որակը և վայելելով հանրության աներեր վստահությունը։ 

Գյուղատնտեսության զարգացման մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկն ամենամյա պարբերականությամբ անցկացվող Yeremyan FARM FEST-ն է։ 2024 թ․-ի աշնանը երրորդ անգամ Լոռու մարզի Տաշիր համայնքում անկցկացված FARM FEST-ով մենք վերահաստատեցինք գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների մեր հանձնառությունն ու տարածաշրջանային դիրքավորման նպատակադրվածությունը։ Այո՛, գյուղատնտեսության ոլորտը հնարավոր է դարձնել գերժամանակակից ու կայուն նոր տեխնոլոգիաների, մասնագիտական համապատասխան հմտությունների և ոլորտը զարգացնելու անմնացորդ պատրաստակամության պարագայում։ Այս առաքելության մեջ մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին Հայաստանի կառավարությունից և միջազգային կառույցներից։ 

Ուրախությամբ պետք է արձանագրենք նաև այն տնտեսական և սոցիալական փոփոխությունները, որոնք մեր մեծաքանակ ներդրումների արդյունքում այսօր կարող ենք տեսնել Լոռու մարզում։ Սա մեզ համար ոչ միայն արտադրություն է, այլև մարզն ակտիվացնելու, աշխատատեղեր հիմնելու, մարդկանց ներգրավելու, ֆերմերներին նոր գիտելիքներով զինելու առաքելություն։

Մենք կրթում ենք առողջ սերունդ, առողջ սովորություններ, առողջ հասարակություն

Մեր 20-ամյա ճանապարհը նախևառաջ սոցիալական նորմերի փոփոխության ճանապարհ է։ Մեկնարկելով կաթնամթերքի լայնամասշտաբ արտադրություն՝ մենք ստանձնեցինք նաև առողջ կենսակերպի ուղղությամբ կրթական արշավները․ ոչ միայն ներկայացնել առողջ արտադրանք, այլև դաստիարակել առողջ սովորություններով սպառողների բանակ։ Այդպես ստեղծվեց «Կաթ դպրոցներին» ծրագիրը, որը մեծագույն սիրով շարունակեցինք նաև 2024-ին։ Դպրոցներում հասնելով վարքագծային փոփոխությունների, կաթի սպառման կտրուկ աճի և երկարաժամկետ առողջապահական օգուտների՝ այս տարի ծրագրի ընդլայնման մտադրությունների մասին համաձայնագիր ստորագրեցինք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Ուրախ ենք, որ Ստեփանավանի, Տաշիրի, Մեծավանի և Երևանի 9 դպրոցների 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտներ իրենց առավոտը սկսում են Երեմյան կաթնամթերքի մեկ բաժակ կաթով։ Շնորհակալություն մեր գործընկերներին այս ամուր համագործակցության համար։

Վստահ ենք, որ կաթի օգտագործումը պետք է դառնա հայ հասարակության բոլոր շերտերի առօրյայի մշտական մասնիկը։ Հենց այս՝ կաթի մասսակայանացման նպատակին էր ուղղված Կաթի համաշխարհային օրվա ընթացքում Երեմյան կաթնամթերքի սահմանած Գինեսի նոր ռեկորդը, որի ընթացքում 1 ժամում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց։ 

Հաճախ են մեզ ասում, որ մեզ հետ առողջ ապրելակերպը դառնում է անխուսափելի ընտրություն։

Մասնագիտական կրթություն և խոհարարական դիվանագիտություն․ մենք աշխարհի հետ զրուցում ենք գիտելիքի և հյուրընկալության լեզվով

2024թ․-ի մեր հաջորդ կարևոր իրադարձությունը Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի 5-ամյակի նշումն էր, որը Երեմյան ընկերությունների խմբի կրթական ամենամեծ և ոլորտի համար հեղափոխական նախաձեռնությունն է։ 65 ծրագիր, շուրջ 2000 շրջանավարտ, 40 միջազգային գործընկեր․ Մեծ Բրիտանիայի City of Oxford քոլեջի հետ համագործակցոթյամբ ակադեմիան ոլորտ է բերել միջազգային փորձն ու ստանդարտները, լրացրել խոհարարության և հյուրընկալության ոլորտում կրթական ահռելի բացը, նպաստել խոհարարական դիվանագիտության զարգացմանը։ Կրթական այս առաքելությունը մեզ համար առաջնահերթություն է, մշտական արժեքներ ստեղծելու մեր շղթայի մի մասը, որը մնալու է մեր հոգածության ներքո։ 

Ակադեմիայում կրթվելով՝ տարեկան հարյուրավոր մասնագետներ սկսում են իրենց աշխատանքը հյուրընկալության ոլորտում՝ հետաքրքրացնելով և գեղեցկացնելով ռեստորանները և իրենց ներդրումն ունենում ոլորտի զարգացման գործում։ Խոհարարությունը դառնում է երազանքի աշխատանք, և հյուրընկալության ոլորտում մի շարք մասնագիտությունների հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում մեր 20-ամյա ներդրումը համարում ենք մեր հաջողությունը։ Պետք է արձանագրենք նաև, որ Երմյան ակադեմիան, լինելով ոլորտի միակ գերազանցության կենտրոնը Հայաստանում, ամուր քայլերով դառնում է հայկական խոհարարական ավանդույթների դեսպանն ամբողջ աշխարհում։

Ակադեմիա.jpg

Աշխարհի գաստրոքարտեզին՝ Հայաստանի այցեքարտ․ շնորհակալ ենք, որ շարունակում եք ընտրել մեզ

Իհարկե, տարին ամփոփելով՝ չեմ կարող չխոսել նաև ընկերությունների խմբի 17 ռեստորանների մասին, որոնք սիրված ու պահանջված են մնում ինչպես տեղացիների, այնպես էլ քաղաքի օտարերկրյա այցելուների համար, ովքեր մեր ռեստորանները ճանաչում են «դեմքով»: Այո, մեր յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտ ունի իր դեմքը, և մենք գիտենք, որ մեր հյուրերն այդ դեմքերը հիշում են ժպիտով ու ջերմությամբ։ Նույն ջերմությամբ, ինչպես հիշում են Երևանը, նրա հյուրընկալությունը, կոլորիտը, համն ու հոտը։

Հայկականից մինչև եվրոպական, իտալականից մինչև հեղինակային բարձր խոհանոց․ Երեմյան ընկերությունների խմբի ռեստորաններում մեր վիրտուոզ խոհարարների ձեռքով հայկական մթերքն ու արտադրանքը ստեղծում են գլուխգործոցներ, տպավորիչ համ ու անգերազանցելի որակ։ 

Լինելով Հայաստանի հյուրընկալության ոլորտի ակունքներում ու մեծ ներդրումն ունենալով Հայաստանը գաստրոտուրիզմի ուղղություն դարձնելու գործում՝ մեր նպատակն էր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ կարևոր ուղղություն ավելացնելը, որը կարող էր առաջարկել հայկական բարձր խոհանոց, հնագույն մշակույթ և բացառիկ ծառայություններ: Այս նպատակն ի վերջո դարձավ իրականություն. տնտեսության այս բնագավառը տարիների ընթացքում գրանցեց թռիչքաձև կտրուկ աճ՝ Հայաստանը դարձնելով գաստրոտուրիզմի թեժ կետ։

Շնորհակալ ենք շուրջ 1 մլն 260 հազար այն հյուրերին, որոնք ընտրել են մեր ռեստորաններն այս տարվա ընթացքում։ Շորհակալ ենք կես միլիոնը գերազանցող այն զբոսաշրջիկներին, որոնք անցնող տարվա ընթացքում աշխարհի գաստրոքարտեզում ընտրել են հենց մեզ։

Ամբողջ տարվա ընթացքում մենք առաջատար դիրքերում ենք եղել նաև միջազգային ճամփորդական ամենահայտնի կայքերի վարկանիշներում, որը ևս խոսում է տարիների վստահության, նորարարությունների և որդեգրած անփոփոխ որակի մասին։ 

Restaurant.png

Երեմյանական թիմը, որ ստեղծում է գերազանցություն ամեն քայլում

Ձեռքբերումներից կարող ենք երկար խոսել, սակայն մեր ամենամեծ ձեռբերումը, ինչպես բազմիցս եմ նշել, թիմն է։ Մարդիկ, որոնք ինձ պես անշեղորեն հավատացել են, որ աշխատանքը սկսվում է երազանքից։ Շնորհակալ եմ իմ ամուր թիմին՝ այն 2500 անձանց, որոնք նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով են աշխատում ու ստեղծում այն, ինչ այսօր ունենք։ Այս թիմը կրում է բացարձակ որակի մեր նշաձողը, որակ, որ մեզ դարձնում է եզակի և վստահելի։ Մեր յուրաքանչյուր օրը սկսվում է երազանքից, և այդ երազանքը նվիրված է հայրենիքին ու մեր հայրենակիցներին։

Այսպիսով, 2025թ․-ի մեր տեսլականն ու աշխատանքները բխելու են մեր արժեքներից, Հայաստանի հանդեպ սիրուց և հյուրընկալության, մասնագիտական կրթության և գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ մեր շուրջ քսանամյա հանձնառությունից։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում