«Խաղաղության խաչմերուկ»-ի կենսունակությունը կախված կլինի նաև գերտերությունների կողմնորոշումների հստակեցումից․ քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհաքաղաքական իրավիճակը կովկասյան տարածաշրջանում բարդացել ու սրացել է, որովհետև ապրում ենք կայուն սահմանների, որոշակի փոխհարաբերությունների ու կանոնների խախտման ժամանակաշրջանում։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ վերլուծելով Հարավային Կովկասում առկա իրավիճակը և իրադարձությունների զարգացման հնարավոր միտումները։ 

«ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո մտահոգիչ են նրա հայտարարությունները, որոնք միջազգային իրավունքի տեսակետից նույնիսկ անընդունելի են, մինչդեռ նրա կողմնակիցները տարածում են այդ հայտարարությունները, թեկուզ դրանք միտված են ներքին լսարանին և ունեն ամերիկացիների շրջանում հայրենասիրական զգացմունքների ալիք բարձրացնելու նպատակ։ Բոլոր դեպքերում հաշվի առնելով Միացյալ Նահանգների գլոբալ դերակատարությունն ամբողջ աշխարհում՝ այդ հայտարարությունները չեն նպաստում անվտանգային համակարգերի ամրապնդմանը»,- ասաց քաղաքագետը։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ եթե Թրամփը կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Դանիային ներկայացնել չհիմնավորված տարածքային պահանջներ, ապա այդ դեպքում ինչը կարող է խանգարել Ադրբեջանին, Թուրքիային և նման այլ երկրներին վարվել նույն կերպ իրենց հարևանների հանդեպ։ 

«Թուրքիայի պահվածը Սիրիայում դրա վառ ապացույցն է, երբ մի ամբողջ երկիր փորձում են դարձնել Թուրքիայի արբանյակ՝ հենվելով այնտեղ իշխանության եկած խմբավորման և Թուրքիայի հետ ունեցած կապերի վրա։ Սա ստիպում է պատրաստ և աչալուրջ լինել, հետևաբար ռազմաքաղաքական  դաշինքներ կնքելու և զարգացումների հորձանուտում չհայտնվելու հրամայականը դառնում է շատ կարևոր, որովհետև հնարավոր է մտնենք մի շրջան, որտեղ միայնակ և թույլ լինելը պարզապես ինքնասպանություն է»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այսօր մտել ենք, ինչպես Թրամփն է որակել, քաղաքական գործարքների շրջափուլ, որոնք կատարվելու են խոշոր երկրների միջև և նրանք են որոշելու, թե որտեղով են անցնելու ճանապարհները, առավել ևս, որ մեր տարածաշրջանում կան ակնհայտ բախվող շահեր և դեռ հստակ չէ, գերտերությունները պատրա՞ստ են փոխզիջումների, թե՞ ոչ։ Ըստ քաղաքագետի՝ կողմնորոշումների հստակեցման պարագայում նոր պարզ կլինի, թե որքանով կենսունակ կլինեն մոտեցումներն ու նախաձեռնությունները։ 

«Ստեղծված իրավիճակում մեր երկրի ղեկավարությունը պետք է վերջնականապես հստակեցնի, թե որտեղ է ուզում տեսնել Հայաստանը՝ անվտանգային տեսակետից։ Այն փաստարկը, որ եթե այս կամ այն երկրից պոկվենք, նա մեզ կպատժի, հիմա այլևս չի աշխատում։ Հիմա պետք է գործել լիովին հակառակ տեսանկյունից։ Ո՞ր երկրներն են, որ Հայաստանի հետ այս տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և պատրաստ են մեզ հետ միասին այդ շահերը պաշտպանել։ Այսինքն՝ պետք է հստակեցվի ռազմավարական մոտեցումը։ Անհրաժեշտ է քայլեր անել դեպի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնում համագործակցել Հայաստանի հետ, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Այդպիսիք են, օրինակ, Ֆրանսիան, Հնդկաստանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ գերտերությունների աշխարհաքաղաքական մրցակցությունը մեր տարածաշրջանում իր հետ կբերի ռացիոնալ հանգուցալուծումներ, սակայն դրանք կարող են անցնել սրացումների և նույնիսկ բախումների միջով։ 

«Մարդկության պատմությունը երբեք իդեալական չի եղել։ Սովորաբար լուսավոր ուղեղներում ծնված կոնցեպտները չեն իրագործվել առանց լուրջ խոչընդոտների։ Ցանկացած երկրի քաղաքական էլիտան ձգտում է հասնել իր համար լավագույն ռացիոնալ որոշումներին, բայց ճանապարհը կարող է լինել բավականին բարդ։ Մենք ունենք 20-րդ դարի փորձը, երբ պահանջվեցին երկու աշխարհամարտեր, լոկալ ծանր կոնֆլիկտներ, մինչև որ  ձևավորվեց Հելսինկյան միջազգային ճարտարապետությունը։ Մենք պետք է շարունակ լինեն աչալուրջ և կատարենք ռացիոնալ ու անվտանգային  առումով հաշվարկված քայլեր»,- եզրափակեց քաղաքագետը։    

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 简体中文