Կրթություն

ՃՇՀԱՀ-ն ամփոփել է անցնող տարին

4 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ն ամփոփել է անցնող տարին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ ) ամփոփել է անցնող տարին. կայացել է հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը։

Պահպանելով ավանդույթը՝ ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորել է գալիք Նոր Տարին և Սուրբ ծնունդը. «Մաղթում եմ, որ խաղաղությունն ու կայուն զարգացումը անբաժան լինեն մեր երկրից, առողջությունը, սերը և բարեկեցությունը լինեն մեր ժողովրդի, յուրաքանչյուրիս ընտանիքի ուղեկիցը: Մեր համալսարանին ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական նոր լիցքեր և բարձունքներ»,- ասել է նա: 

Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը, նշելով, որ տարվա ձեռքբերումները ողջ համալսարանի թիմային աշխատանքի արդյունք են, ներկայացրեց 2024 թվականին իրականացված աշխատանքները և բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2025 թվականին նախատեսվող ծրագրերն ու բյուջեն։ 

Հետամուտ լինելով կրթության և գիտության արդյունավետության բարձրացման և զարգացման շարունակականության ապահովման համար որդեգրված ռազմավարական ծրագրին՝ կարևորվել են պետբյուջեի և ներքին դրամաշնորհների միջոցներով իրականացված ծրագրերը, ձեռք բերված բարձր տեխնոլոգիական սարքավորումները, դրանց արդյունքում պետական գերատեսչությունների, մասնավորապես Քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  

Այդ համատեքստում կարևորվել են «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» և «Կայուն քաղաքներ» նոր կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, ուսումնական գործընթացի ներդրված և ներդրվելիք թվայնացված համակարգերը, դասախոսների վերապատրաստման դասընթացները, շարունակական կրթության ուղղությամբ ընդլայնված վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերը, ինչպես նաև առաջին անգամ համալսարանում նախապատրաստական դասընթացների իրականացումը։ 

Առաջընթաց է արձանագրվել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ․ ի դեմս ՃՇՀԱՀ-ի՝ Հայաստանը դարձել է ՄԱԿ ԵՏՀ թվով 9-րդ և տարածաշրջանում միակ գերազանցության կենտրոնը։ Նախորդ տարվա համեմատ 2024 թվականին ավելացել է համալսարանի գիտական հոդվածների քանակը միջազգային վարկանիշային «Սկոպուս» ամսագրում։ 

Առանձնակի կարևորվել է ուսանողների թվաքանակի կայուն աճի ապահովումը։ Անդրադառնալով պետություն-մասնավոր-համալսարան համագործակցությանը՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել Բարձրագույն կրթության գիտության կոմիտեին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Կադաստրի կոմիտեին, Պետական գույքի կառավարման կոմիտեին և մասնավոր ընկերություններին՝ տարվա ընթացքում սերտ համագործակցության համար։ 

«Այդ գործընթացի արդյունավետությունը տարեցտարի բարձրանում է, ինչը նկատելի է ուսանողների պրակտիկ աշխատանքներում, իրականացված համատեղ կրթագիտական ծրագրերում և գիտաժողովներում»,- նշել է Մանուկ Բարսեղյանը։ 

Ամփոփելով տարեվերջյան հաշվետվությունը՝ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը բարձր գնահատեց իրականացված աշխատանքները և հաստատեց 2025 թվականի  ծրագրերը և բյուջեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում