Հայաստան

Ապահովագրական ընկերությունները բուժծառայության դիմաց չեն փոխհատուցել ԲԿ–ներին, տարիներով կուտակած պարտքեր ունեն. Նանուշյան

3 րոպեի ընթերցում

Ապահովագրական ընկերությունները բուժծառայության դիմաց չեն փոխհատուցել ԲԿ–ներին, տարիներով կուտակած պարտքեր ունեն. Նանուշյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունն այս պահին պարտքեր չունի որևէ բժշկական կենտրոնի, իսկ ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ այս մասին ընդգծել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: 

Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել մեծաթիվ պարտքերը. այս խնդրի պատճառները վեր հանելու, պատասխաններն ու լուծման ուղիներ գտնելու համար առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ հանդիպել են թեմայի բոլոր շահառուները:

Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների, ավտոապահովագրողների բյուրոյի, բժշկական կազմակերպությունների, բժշկական կազմակերպությունների ասոցիացիայի, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները:

«Կառավարության քաղաքականությունն է գործադրել ջանքեր, որ բժշկական ծառայությունները հասանելի լինեն մեր քաղաքացիներին: Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունն այս պահին պարտքեր չունի որևէ բժշկական կենտրոնի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած: Այս խնդիրն անհապաղ լուծել է պետք, ոչ մի դեպքում չպետք է ապահովագրության փոխհատուցումը ստանալու համար պացիենտը դռնեդուռ ընկնի կամ բուժհաստատությունը չկարողանա իր աշխատողների աշխատավարձը վճարել»,- հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է առկա խնդիրների պատճառների վերհանման ուղղությամբ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, այդ թվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու, ԱՊՊԱ կարգավորումներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր առաջարկները ներկայացնել Կենտրոնական Բանկին, ԱՊՊԱ բյուրոյին, Կառավարության գործընկերներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում