Մեծ քնարերգուի հուշ-երեկոն. Վրաստանը մեծարեց Անահիտ Բոստանջյանին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում օրերս կազմակերպվել է հոբելյանական հուշ-երեկո՝ նվիրված հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանի 75-ամյակին։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է «Վրաստան» թերթի հրապարակումից, որի հեղինակը Կարինե Մանուկյանն է։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«...Ամեն մարդ մի աշխարհ է, ու ամեն մեռնող մարդ մի աշխարհ է տանում իր հետ:

Այսպես է արտահայտվել մի առիթով երջանկահիշատակ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, հասարակական գործիչ, հայ-վրաց գրական կապերի երախտավոր Անահիտ Բոստանջյանը կամ մեր սիրելի տիկին Անահիտը:

7 տարի առաջ ինքն էլ անժամանակ ու հանկարծակի հեռացավ այս աշխարհից՝ իր հետ տանելով սիրով լեցուն գեղեցիկ ու բովանդակալից մի ուրույն աշխարհ: Առաջ անցնելով գրվելիք թեմայի բովանդակությունից՝ փոքր-ինչ խոսենք տիկին Անահիտի ապրած ու արարած օրերի մասին: Բանաստեղծուհու կյանքի 67 տարիները եղել է բազմակողմանի գործունեության արգասաբեր ժամանակաշրջան: Աշխատանքը սկսել է 1975 թվականից՝ Վրաստանի գրողների միության «Մերանի» հրատարակչության հայկական խմբագրությունից։ Հրատարակչական գործունեության ընթացքում հրատարակել է շուրջ 500 գիրք, որից 40-ը բանաստեղծական ու թարգմանական գրականություն է, եւ լույս տեսած գրքերի մեծ մասը հայերեն են:

1988 թվականից մինչեւ կյանքի վերջն աշխատել է հարազատ «Վրաստան» թերթում ու կարճ ժամանակում նա ձեռք է բերել լայն ճանաչում: Տիկին Անահիտի հոդվածներն ու նյութերը, վստահաբար, Վրաստանի հայ լրագրության լավագույն էջերից են: Պատշաճ հայերենով ու խորը բովանդակությամբ գրվածքները ընթերցողին հաղորդվող պատգամախոսություն, ուսանելի ու տպավորիչ դասեր կարելի է համարել:

Հուզական նուրբ ու քնքուշ հոգի ունեցող բանաստեղծուհի Անահիտն իրականն ու երազայինը համադրելով ստեղծել է յուրատեսակ հետաքրքիր, միաժամանակ պարզ ու մատչելի գրականություն (հեղինակ է բանաստեղծական 10 ժողովածուի): Ու այդ տիրույթում նա ընթերցողի հետ մերթ անկեղծ զրուցում է, մերթ ընդվզում չարի ու կեղծիքի դեմ, մերթ թախծում, մերթ մանկան պես ուրախանում…

Ի դեպ, բանաստեղծուհին երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական սեկցիան: Ավելացնենք, որ գրքի ու գրի բացառիկ սիրահար էր, մայրենի լեզվի անաղարտության պաշտպանության առաջնագծում էր ու չափազանց անհանդուրժող լեզվի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Մեծապես գնահատելի է նաեւ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից «Վրաց մշակույթի դեսպան» կոչմանն արժանացած թարգմանչուհու ավանդը երկու ժողովուրդների գրական կապերի խորացման ու մերձեցման գործում: Իսկ դրա ետեւում ծավալուն ու քրտնաջան աշխատանք է թաքնված:

Մի քանի խոսք էլ Բոստանջյան-մարդ տեսակի մասին. կայացած անհատ էր, միշտ աչքի ընկնող, հարգված ու սիրված շրջապատի կողմից: Էությամբ՝ կենսուրախ ու նվիրյալ: Մարդկային հարաբերություններում անմիջական էր, պարզ, շիտակ, արժեքավորը գնահատող, բարին կամեցող, ակտիվ, եռանդուն, նախաձեռնող, ամենուր, ամեն տեղ…

Այս ոչ փոքրիկ առաջաբանից հետո անդրադառնանք նյութի բուն թեմային:

Դեկտեմբերի 18-ին Վրաստանի Գրողների ստեղծագործական միության ու «Վրաստան» թերթի նախաձեռնությամբ, Գրողների տան մեծ դահլիճում կայացավ ճանաչված բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-երեկո: Ողջույնի խոսքով միջոցառումը բացեց Վրաստանի Գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ով արժեւորեց Վրաստանի ու Հայաստանի գրողների միությունների անդամ Անահիտ Բոստանջյանի զգալի ավանդը մերօրյա վրաց-հայկական գրական առնչությունների խորացման գործում: Ելույթ ունեցողներ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, հանրաճանաչ արձակագիր, Վրաստանի պետական մրցանակի և Շոթա Ռուսթավելու պետական մրցանակի դափնեկիր Ռեւազ Միշվելաձեն, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Վրաստանի վաստակավոր ժուռնալիստ Վան Բայբուրթյանը, բանաստեղծ, Վրաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր Սոսո Սիգուան, բանաստեղծներ Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, Միքայել Անանովը եւ այլոք առանձնացրին դարերի խորքից սկիզբ առած երկու եղբայր ժողովուրդների բարեկամության, հավատքի, ազգային ավանդույթների ու սովորությունների նմանությունն ու գրեթե միաժամանակ գրերի գյուտով պայմանավորված գրական-թարգմանական կապերը: Նշվեց, որ Հովհ.Թումանյանի ու Ի.Գրիշաշվիլիի, Ավ.Իսահակյանի ու Կ.Գամսախուրդիայի, Ե.Չարենցի ու Տ.Տաբիձեի գրական ու անձնական մտերմության օրինակներով էլ Անահիտ Բոստանջյանը շարունակեց կամրջել մերօրյա հայ եւ վրացի գրողներին ու գրականությունները: Սիրով, առանձնակի նվիրումով, «Կամուրջ» տարեգրքով, որի խմբագիրն էր, եւ առանձին հրատարակումներով վրացերենից հայերեն թարգմանեց շուրջ 90 դասական ու ժամանակակից վրացի գրողների արձակ ու չափածո ստեղծագործությունները: Վրացերեն հնչեցրեց նաեւ մեկ տասնյակից ավելի հայ ստեղծագործողների գործերը:

Ու նրա վաստակը աննկատ չմնաց իր երկու հայրենիքների կողմից էլ: Անահիտ Բոստանջյանը պարգեւատրվել է Վրաստանի ու Հայաստանի պետական ու գրական մի շարք բարձր պարգեւներով եւ արժանիորեն ամփոփված է իր սիրելի քաղաքի Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոնում՝ Մեծն Թումանյանի, Րաֆֆու, Գ.Սունդուկյանի եւ այլոց կողքին:

Երեկոյի ընթացքում խոսվեց տիկին Անահիտի մարդկային արժանիքների մասին եւս, պատմվեցին հետաքրքիր հուշեր ու ընթերցվեցին նրա ստեղծագործություններից:

Միջոցառման ավարտին իր երախտագիտությունը կազմակերպիչներին ու ներկաներին հայտնեց Անահիտ Բոստանջյանի ավագ դուստր Մարինա Թորոսյան-Բոստանջյանը»:

Հայերեն