Հայաստան

Որևէ համայնքում որևէ ամբուլատորիա չի փակվելու. առողջապահության փոխնախարարն այցելել է Արարատի մարզ

2 րոպեի ընթերցում

Որևէ համայնքում որևէ ամբուլատորիա չի փակվելու. առողջապահության փոխնախարարն այցելել է Արարատի մարզ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում, հանդիպել է մարզպետի և համայնքապետերի հետ` քննարկելու համայնքային ամբուլատորիաների խոշորացման ծրագրի մանրամասները, ներկայացրել բարեփոխման բովանդակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: 

Արարատի մարզում ամբուլատորիաների մի մասը համայնքային, ոչ առևտրային կազմակերպություններ են, մյուս մասը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ուստի ամբուլատորիաների խոշորացումից առաջ առաջանում է կազմակերպաիրավական ձևի փոփոխություն, որի ընթացքն էլ քննարկվել է ներկաների հետ։

Նախարարի տեղակալն ընդգծել է․ «Որևէ համայնքում որևէ ամբուլատորիա չի փակվելու, որևէ բուժաշխատող չի կրճատվելու, խոշորացումը բացառապես վերաբերում է վարչական մասին»։

Նախարարությունից հիշեցրել են, որ այս բարեփոխմամբ ընտանեկան բժիշկները ազատվելու են տնօրենի պարտականություններից՝ արդյունքում ունենալով ավելի շատ ժամանակ բուժական գործով զբաղվելու համար։ Քաղաքացիները ևս շարունակելու են բուժսպասարկում ստանալ իրենց համայնքում։ Ավելանալու է ամբուլատորիաների վարչական գծով տնօրենի հաստիքը, որն էլ համակարգելու է մի քանի ամբուլատորիայի վարչատնտեսական աշխատանք։

Նախարարի տեղակալը շարունակաբար այցեր է կատարելու այն մարզեր, որտեղ նախատեսվում է ամբուլատորիաների խոշորացման ծրագիրը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում