2 րոպեի ընթերցում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց բանակում ծառայության համակարգի բարեփոխման և երիտասարդների շրջանում առողջապահական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ՝ հիմնականում առողջական խնդիրների պատճառաբանությամբ։
«Այստեղ մենք կարող ենք երկու հնարավոր հետևության գալ․ կամ մենք համատարած և համընդհանուր առողջական խնդիրներ ունենք մեր սերնդի, ինչը մեր պետական անվտանգության համար լրջագույն մարտահրավեր է, կամ մենք գործ ունենք օրենքով ընձեռված հնարավորությունների համատարած չարաշահման հետ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և մշակույթի պակասը, երիտասարդության շրջանում ծխախոտի և ալկոհոլի լայն կիրառումը ստեղծում են այս իրավիճակը։ Նա ընդգծեց, որ սա լուրջ մարտահրավեր է, որի լուծման համար կառավարությունը դեռևս չի գտել արդյունավետ միջոցներ։
Փաշինյանը նաև բանակում ծառայության ընկալման փոփոխության կարիք է տեսնում։
Վարչապետը շեշտեց, որ բանակում ծառայությունը չի սահմանափակվում միայն խոշոր տրամաչափի զենքերի կիրառմամբ։ «Բանակը մեծ օրգանիզմ է, որտեղ բազմաթիվ ծառայությունների տեսակներ կան, այդ թվում՝ գրասենյակային աշխատանք, որոնք համատեղելի են որոշակի առողջական սահմանափակումների հետ», ասաց նա։
Վարչապետը կարևորեց առողջական խնդիրների պատճառով ծառայությունից ազատման գործընթացի վերանայումն ու արդիականացումը՝ հիմնված ավելի արդիական բժշկական գնահատման մեթոդների վրա։ Նա առաջարկեց դիտարկել հիվանդությունների հիմքով ոչ թե ծառայությունից ազատման, այլ ծառայության բնույթի սահմանափակման մոտեցումը։
«Պետք է ուղիղ ասել, որ բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»,- եզրափակեց Փաշինյանը։