Իրավունք

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը կազատազրկվի 10 տարի ժամկետով

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը կազատազրկվի 10 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունները և «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ պատիժ է նշանակել 10 տարի ժամկետով ազատազրկումն ու վճռել՝ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից հօգուտ Հայաստանի Հանրապետության (ի դեմս «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման հանձնաժողովի) բռնագանձել 325 միլիոն 600 հազար դրամ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենն իր աշխատանքային գործունեության ընթացքում՝ 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, Հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հափշտակել է հիմնադրամին պատկանող՝ իրեն վստահված 325 միլիոն 600 հազար դրամը: Հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված՝ հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ գումարից 226 միլիոն 464 հազար դրամը հաշվից հաշիվ փոխանցելու՝ քողարկելու և մասնատելու եղանակով, օրինականացրել է: 

Դատախազը 2019 թվականի հունվարի 24-ին Հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

2019 թվականի ապրիլի 30-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել էր իրավասու դատարան:

Դատախազության հաղորդագրությունում խոսքը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի մասին է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում