Սպորտ

Կառավարությունը կաջակցի վարկով հեծանիվ ձեռք բերողներին

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաջակցի վարկով հեծանիվ ձեռք բերողներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է հաստատել  հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական հարթակում։    

Նախագծի նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության ու ուսուցման հաստատությունների սովորողներին ու աշխատակիցներին մատչելի պայմաններով հեծանիվներ ձեռք բերելու հնարավորություն տալ։  

Ծրագիրը նպատակ ունի խթանել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, զարգացնել երթևեկության էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևեր, նվազեցնել քաղաքային խցանումները՝ ներդնելով կանաչ տեխնոլոգիաներ։ 

Ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին հնարավորություն տալ վարկային սուբսիդավորման միջոցով ձեռք բերել սիրողական դասի նոր հեծանիվներ՝ նախատեսված որպես հիմնական փոխադրամիջոց։ 

Շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ գրանցված և հավատարմագրված արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և աշխատակիցները։

Հեծանիվների գնման համար տրամադրվող վարկերի պայմաններն են՝ վարկի առավելագույն գումար՝ մինչև 300,000 դրամ, ժամկետ՝ մինչև 120 ամիս, սուբսիդավորման չափ՝ տարեկան 12% տոկոսադրույքի սուբսիդավորում, վարկի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս։ 

Վարկերի տրամադրումը իրականացվելու է ՀՀ լիցենզավորված բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով, իսկ շահառուները կկարողանան դիմել այս պայմաններով միայն մեկ անգամ։

Ծրագրի իրականացման արդյունքում՝ կմեծանա հեծանիվների օգտագործումը որպես փոխադրամիջոց, կխթանվի ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը, կզարգանան հեծանվային ենթակառուցվածքները և հեծանվային տնտեսությունը։

Ծրագիրն ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2024-2030 թվականների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման ռազմավարությունից՝ նպատակ ունենալով ձևավորել ֆիզիկապես ակտիվ հասարակություն և աջակցել ուսանողական ու դպրոցական սպորտի զարգացմանը։

Ծրագիրը գործելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում