ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում վարչակարգի փոփոխությունն այդ երկրի ժողովրդի ցանկությունն էր, բայց ստեղծված իրավիճակում չպետք է միամիտ լինել և անհրաժեշտ է սատարել երկրի դեմոկրատական ուժերին, կարծում է Եվրոպական խորհրդարանում Շվեդիան ներկայացնող պատգամավոր էվին Ինջիրը։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Ինջիրն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը, Սիրիայի հայկական, քրդական և այլ համայնքների ապագային, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչող շարունակական սպառնալիքներին և ԵՄ-ի արդյունավետ գործելու անկարողությունների պատճառներին։
-Որոշ փորձագետների կարծիքով՝ ամերիկյան երազանքը իրականություն դարձավ Թուրքիայի հրահրմամբ՝ Սիրիայում Ասադի ռեժիմն այլևս գոյություն չունի, ինչը Ռուսաստանի համար քաղաքական պարտություն է համարվում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչպե՞ս եք պատկերացնում Սիրիայի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայկական ու քրդական համայնքների կարգավիճակը նոր իրավիճակում:
-Ես կասեի` իրականում դա Սիրիայի ժողովրդի երազանքն է, ոչ թե ամերիկյան երազանքը, նույնիսկ եթե ամերիկացիներն էլ դրանից գոհ են: Սիրիայի ժողովուրդն էր, երկրի ամբողջ բնակչությունը, որ կարողացավ ազատվել Ասադի դաժան բռնապետությունից: Այժմ անհրաժեշտ է ապահովել, որ երկրի դեմոկրատական ուժերը ստանան անհրաժեշտ աջակցությունը: Թուրքիան Սիրիայում անօրինական գործողություններ է իրականացնում իր ծայրահեղական գործընկերների՝ Սիրիական ազգային բանակի (SNA) օգնությամբ, ինչը պետք է դադարեցվի, պետք է հարգվի երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսրայելի անօրինական գործողություններն էլ պետք է դադարեցվեն:
Ես մեկ վայրկյան անգամ չեմ հավատում «Հայիաթ Թահրիր ալ-Շամ»-ին (ՀԹՇ): Նրանց անցյալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա ծայրահեղական կազմակերպություն է, և ես մտահոգված եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճիշտ ուժերն աջակցություն չստանան: Կա վտանգ, որ Աֆղանստանի և Իրանի փորձը կկրկնվի Սիրիայում: Ծայրահեղական խմբերը հաճախ խոստանում են ներառականություն և դեմոկրատիա, բայց չեն կատարում իրենց խոստումները: Արևմտյան աշխարհը և միջազգային հանրությունը չպետք է միամիտ լինեն: Տարածաշրջանում կա միայն մեկ գործընկեր՝ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի ինքնավար շրջանը, որը տարիներ շարունակ հետևողականորեն աշխատել է:
Այս տարածաշրջանը կարիք ունի այն աջակցության, որը, ցավոք, տարիներ շարունակ չի ստացել, թեև քրդերը, քրիստոնյաները և Սիրիայի հյուսիսում ապրող շատ այլ խմբեր զոհաբերել են իրենց կյանքը՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
-ՀԹՇ-ի մասին նշեցիք, որը մի շարք երկրներում ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն այսօր նրա գործողություններն ու հայտարարությունները ընդունելի են համարվում գերտերությունների համար։ Նրանք իսկապես փոխվել ե՞ն, թե՞ սա ռեալ քաղաքականություն է:
-Կարծում եմ, լավ է, որ Ասադն այլևս չկա, բայց մենք չպետք է միամիտ լինենք այն հարցում, թե ովքեր են այժմ Սիրիայի հիմնական դերակատարները: Մենք նման հռետորաբանություն լսել ենք Իրանի հեղափոխության ժամանակ, լսել ենք Թալիբանից՝ Աֆղանստանում, և հիմա ՀԹՇ-ից ենք լսում, որը ծագում է «Ալ Քաիդա»-ից: Այս ծայրահեղական կազմակերպությունները գիտեն, թե ինչ և երբ ասեն, բայց երբեք չեն իրականացնում իրենց խոստումները:
Այդ իսկ պատճառով ես շեշտում եմ՝ միամիտ չլինենք տարածաշրջանի զարգացումների հարցում: Մինչ մենք տոնում ենք Ասադի հեռանալը, հաջորդ քայլը պետք է լինի իրականում ժողովրդավարական և ներառական Սիրիայի ապահովումը՝ մի երկիր, որը կհարգի բոլոր մարդկանց իրավունքները, այդ թվում՝ մեծամասնություն կազմող արաբների և փոքրամասնություն հանդիսացող խմբերի: Տարիներ շարունակ փոքրամասնությունների և կանանց իրավունքներն անտեսվել են: Առանց ներառականության և հավասարության՝ իրական ժողովրդավարություն չկա:
-Թուրքիան փորձում է բոլոր առկա հակամարտություններում դերակատար լինել՝ փորձելով լավ հարաբերություններ պահպանել բոլոր ճակատներում: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությունը՝ հատկապես նկատի ունենալով Էրդողանի վերջին հայտարարությունները, որ Թուրքիան չունի տարածքային պահանջներ Սիրիայում, բայց շարունակելու է պայքարել քրդերի դեմ:
Շատ ակնհայտ է, որ Էրդողանը չի հարգում Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Օրինակ՝ քրդերը միշտ եղել են Սիրիայի պատմության մի մասը և լինելու են նրա ապագայի մի մասը: Էրդողանի առաքելությունն անընդհատ եղել է քրդերին ոչնչացնելը, քանի որ նա վախենում է, որ Սիրիայում քրդերի ինքնավարությունը կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի քրդերի վրա և նրանց ստիպել պահանջել ինքնավարություն:
Բացի այդ, կա ապատեղեկատվություն, թե իբր Սիրիայի քրդերը եկել են թուրքական տարածքներից, ինչը ճիշտ չէ: Սիրիայի քրդերի մեծ մասը սերունդներ շարունակ այնտեղ է ապրում։ Քրիստոնյաների և հայերի հետ միասին նրանք հաճախ ավելի երկար են ապրել այդ տարածաշրջանում, քան մեծամասնությունը: Հետևաբար, որոշ քրդեր հյուսիսային Քրդստանից անցել են արևելք, արևմուտք և հարավ՝ ճնշումների պատճառով:
Էրդողանի գործողությունները, ինչպիսիք են Սիրիական ազգային բանակին աջակցելը և Սիրիայի տարածքների գրավումը, ակնհայտորեն ցույց են տալիս նրա հավակնությունները՝ չնայած նրա հակառակ հայտարարություններին: Եթե այդպես չլիներ, Թուրքիան չէր աջակցի ՍԱԲ-ին՝ գրավելու Սիրիայի ավելի մեծ հատվածներ:
-Մի քանի օր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչը գրառում կատարեց, որ Թուրքիան կարևոր ռազմավարական գործընկեր է ԵՄ-ի համար։ Ինչպե՞ս են նմանատիպ հայտարարություններն ընդունվում Եվրոպական խորհրդարանում:
-Եվրոպական խորհրդարանի տարբեր խմբակցություններում կարծիքները տարբեր են, ինչպես ցանկացած խորհրդարանում: Բայց ես կասեի, որ Եվրոպան կատարում է մեծ ռազմավարական, բայց նաև ընդհանուր մեծ սխալ, երբ չի համարձակվում քննադատել Թուրքիային: Շատ աջակողմյան և կենտրոնամետ քաղաքական գործիչներ վախենում են ներգաղթյալներից, որը կապված է ԵՄ-Թուրքիա միգրացիոն համաձայնագրի հետ:
Մարդկանց հարկադրաբար տեղահանումը կանխելու լավագույն միջոցը հակամարտությունները դադարեցնելն է, ոչ թե ճնշողների նկատմամբ լռություն պահպանելը: Թուրքիայի գործողությունները ստեղծում են հակամարտություններ և ստիպում, որ ավելի շատ մարդիկ լքեն իրենց տները և ընտանիքները: Այո, Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ անդամ մի քանի պետություններ հակասում են իրենց շահերին: ԵՄ-ն պետք է կենտրոնանա հակամարտությունների դադարեցման վրա, այլ ոչ թե բռնակալներին անուղղակիորեն խրախուսելու:
Կայունության ապահովումը պետք է լինի համատեղ շահ ոչ միայն Եվրոպական միության, այլև բոլոր մարդկանց համար, քանի որ ոչ ոք չի ցանկանում տեղահանվել: Մարդկանց մեծ մասը ցանկանում է մնալ այնտեղ, որտեղ նրանք ապրում են: Իմ ծնողները ստիպված են եղել լքել Թուրքիան քաղաքական ճնշումների պատճառով՝ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին, ինչը, կարելի է ասել, դեռ շարունակում է գոյություն ունենալ:
-Մեկ այլ տեղահանված ժողովուրդ էլ հայերն են Լեռնային Ղարաբաղից: Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակիորեն առնչվում են Հարավային Կովկասին, որտեղ ներկայիս զարգացումներն էլ խոստումնալից չեն թվում։ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկական հռետորաբանությունը, քաղաքականությունը և սպառնալիքները: Բանակցությունները դեռևս չեն հանգեցրել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպե՞ս է սա ընկալվում եվրոպական մակարդակում:
ԵՄ-ն ունի «փափուկ ուժ»՝ առևտրային համաձայնագրերի և համագործակցության միջոցով, բայց չի կարողանում դա արդյունավետորեն օգտագործել՝ անդամ պետությունների միջև տարաձայնությունների պատճառով: Մեծագույն խնդիրներից մեկն անդամ պետությունների միջև միաձայնության բացակայությունն է: Օրինակ՝ Ադրբեջանը «լվանում է» ռուսական գազն ու նավթը, մինչդեռ հակամարտությունները շարունակվում են:
Թուրքիան, իհարկե, դեր է խաղում շատ կոնտեքստներում: Բայց հարցն այն է՝ ի՞նչ դեր, և ցավոք, մինչ օրս բոլոր այն իրավիճակներում, որտեղ Թուրքիան ներգրավված է, նրա դերը եղել է բացասական:
Թուրքիան նույնպես վնասակար դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր: Չնայած սրան՝ ԵՄ-ն չի կարողացել վճռական կերպով արձագանքել Էրդողանին: Փոխարենը՝ վախը, կարծես, գերակայում է որոշումների կայացման գործընթացում:
-Եվրոպական Հանձնաժողովի նոր կազմը որքանո՞վ է հավատ ներշնչում Ձեզ՝ առկա մարտահրավերների համատեքստում։
Ես խնդիրներ եմ տեսնում նոր Բարձր ներկայացուցչի սահմանափակ փորձառության հետ, որը հիմնականում կենտրոնանում է Ռուսաստանի և Ուկրաինայի վրա: Թեև կարևոր է արձագանքել Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի դեմ, ԵՄ-ն պետք է նաև լինի գլոբալ դերակատար, որը կկարողանա արձագանքել մյուս հակամարտություններին՝ ներառյալ Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը:
Ցավոք, մինչ այժմ ես դեռ չեմ տեսել, որ նոր Բարձր ներկայացուցիչը լուծումներ առաջարկի: Նա շատ բան ունի սովորելու, բայց միևնույն ժամանակ, աշխարհը չի դադարում զարգանալ այս կամ այն ձևով, քանի որ ժամանակ է պահանջվում համատեքստը հասկանալու համար:
Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Սիրիայի վերաբերյալ և պլանավորում է այցելել Թուրքիա: Այս դանդաղ արձագանքը ցույց է տալիս անհանգստացնող անհապաղության պակաս: Քանի որ ամեն ինչ հիմա տեղի է ունենում րոպե առ րոպե, մեկ շաբաթ սպասելը կարող է հանգեցնել «մեկ այլ Մերձավոր Արևելքի»:
-Այժմ, երբ Շվեդիան նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, ի՞նչ եք կարծում, այդ փաստը բարձրացրե՞լ է Շվեդիայի անվտանգությունը: Ինչպիսի՞ն է շվեդ հասարակական կարծիքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ, հատկապես, որ հենց այս պատերազմն էր Շվեդիայի անդամակցության պատճառը ՆԱՏՕ-ին:
-Շվեդների մեծ մասը կարծում է, որ երկրների միասնությունը նպաստում է անվտանգությանը: Սակայն Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի խնդրահարույց անդամ, որը չի հարգում պայմանավորվածությունները: ԵՄ անդամ 27 պետություններից 23-ը ՆԱՏՕ-ի անդամ են: Կարծում եմ՝ այդ 23 երկրները կարող են կարևոր դեր խաղալ ՆԱՏՕ-ի շրջանակներում, եթե համատեղ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա: Դա հնարավոր է, բայց արդյունավետորեն դեռ չի կիրառվել:
-Կցանկանա՞ք ինչ-որ բան ավելացնել:
-Այո, ես հավատում եմ, որ Սիրիայի ապագան հատկապես ազդելու է փոքրամասնությունների և կանանց վրա: Մեկ երկրի իրավիճակը հեշտությամբ կարող է տարածվել և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, և ԵՄ-ն պետք է տեսնի այս փոխկապակցվածությունը՝ արդյունավետ արձագանքելու համար: Ռուսաստանն ու Թուրքիան օգտագործում են այս ստեղծված հնարավորությունները իրենց շահերի համար, ինչը, իհարկե, դեմ է միջազգային օրենքի և մարդու իրավունքների հարգմանը: ԵՄ-ն պետք է սկսի գործել: