Հայաստան

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը։

Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: 

ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: 

Գլոբալ ֆորումի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Գլոբալ ֆորումի մասնակիցները հատկապես հետաքրքրված էին 1919-1921 թթ. Ստամբուլյան դատավարություններով և Հայոց ցեղասպանության՝ միջազգային իրավունքի վրա ունեցած դերով:

Ֆորումի մասնակիցները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում