Մշակույթ

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ԿԳՄՍՆ-ի և ԳԱԱ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային առցանց համագումարի

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ԿԳՄՍՆ-ի և ԳԱԱ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային առցանց համագումարի

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս․ Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։ 

Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու հանգամանքով պայմանավորված։ 

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և ԱՊՀ այլ երկրների մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իրենց երկրների տարածքում գտնվող հուշարձանների ընդգրկման փորձը: Համագումարում նախանշվել են համագործակցության հեռանկարներ։  

ԿԳՄՍ նախարարության պատվերով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ․ մշակել է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանն է ներկայացվել: Ըստ այդմ՝ 2024 թ․ հուլիս ամսին Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկ ընդգրկելու նպատակով 2024 թ. ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» նախնական գնահատման հայտը (Preliminary Assessment) ընթացիկ տարում նաև ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոն և ստացել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) կարծիքը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում