Հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է հայ-հնդկական Սփյուռքի համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների:

Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր եւ բարեկամ երկիր լինելը:

«Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարեւորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին եւ բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության եւ Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին:

Նա նշել է, որ հայ եւ հնդիկ ժողովուրդների միջեւ առկա խոր հարգանքը եւ մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը եւ նոր արժեքների ձեւավորումը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին:

Երկու երկրների միջեւ փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաեւ պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարեւոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը:

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Դիտորդ հետազոտական հիմնադրամի կողմից կազմակերպված գալա ընթրիքին, որին ներկա էին տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարան կարեւորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:

 

 

Հայերեն English Français Русский

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք