Օգնելը ջանք է՝ հանուն երջանկության. հայկական մշակույթը ներկայացնող տաղավար՝ Եվրոպական խորհրդարանի ամանորյա տոնավաճառում

7 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի Ամանորյա տոնավաճառում աչքի է ընկնում հայկական մշակույթն ու ձեռագործ աշխատանքները ներկայացնող տաղավարը։ Այն «Արսլանյան» հիմնադրամի տաղավարն է, որի ամբողջ հասույթն ուղղված է կարիքավոր հայ ընտանիքներին, իսկ այս օրերին՝ արցախահայերի կենցաղը բարելավելուն, առաջին անհրաժեշտության պարագաներ հայթայթելուն։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, հիմնադրամի ղեկավար Անելգա Արսլանյանն ասում է, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ստեղծված իրավիճակն ու անտուն մնացած արցախահայության կացությունը նրանց շատ մտահոգեց և պետք էր գործել ու օգտակար լինել, նախ ընտանեկան միջոցներով՝ հավատարիմ սերունդներ շարունակ որդեգրած մոտեցմանը, իսկ հետո պետք էր ընդլայնել օգնության մասշտաբները, քանի որ կարիքավոր ընտանիքների թիվը շատ էր։  

«Սկսեցինք յոթ ընտանիքի օգնելուց, որոնք դրսում էին հայտնվել, այնուհետև այդ թիվն աճեց․ այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ենք փորձում օգտակար լինել։ Ուզում էի ամեն գնով գտնել հովանավորներ իմ հայրենակիցների համար։ Գտնվեցին մարդիկ, որ ցանկացան օգնել, բայց առանց որևէ անմիջական շփման այդ ընտանիքների հետ։ Հասկացանք, որ պետք է այս գործն առաջ տանել լեգալ հիմքերի վրա և ստեղծեցինք հիմնադրամը, պաշտոնական բանկային հաշիվ  բացեցինք և բոլոր նվիրատվություններն այդ հաշվին փոխանցվեցին», - պատմում է Անելգա Արսլանյանն ու ընդգծում՝ իրենց համար կարևոր է հանդիպել այս ընտանիքներին։ Տարվա մեջ գոնե երկու-երեք անգամ փորձում են նրանց այցելել, տեղում հասկանալ կարիքներն ու լուծումներ փնտրել։  

Իսպանացի Իռեն Սանչեզ Պրիետոն անցյալ տարի էլ է բարեգործական վաճառքին մասնակցել, գնած հայ արտիստների ձեռագործ աշխատանքերը նվիրել իսպանացի ընկերներին։ «Այս տաղավարի յուրաքանչյուր իր այնքան գույն ու սեր ունի, բացարձակ գեղեցկություն են, և իրականում, ինքներս մեզ հաճույք պատճառելով, սատարում եմ կանանց, կարիքավոր ընտանիքներին։ Սրանից առավել գեղեցիկ ի՞նչ կարող է լինել»,- Արմենպրեսի թղթակցի հետ զրույցում նշել է եվրախորհրդարանի իսպանացի աշխատակիցը։   

Եվրոպական խորհրդարանի հունգարացի թարգմանիչների համար «Արսլանյան» հիմնադրամի տաղավարը բացառիկ հնարավորություն է․ հայկական մշակույթն ու արվեստը ներկայացնող ձեռագործ աշխատանքներ գնելու առիթ ամեն օր չէ, որ ունեն։ Լեզուների՝ հետևաբար մշակույթների հանդեպ մեծ սեր ունեցող թարգմանիչների համար մեծ ուրախություն է տանը հայկական շունչ ունենալը։

«Արսլանյան» հիմնադրամի համար հստակ էր՝ օգնությունը չպետք է լինի միանվագ գումարի փոխանցում, այլ երկարաժամկետ լուծումներ են պետք, որոնք թույլ կտան այլ ընտանիքների ևս դուրս գալ ծայրահեղ չքավորության պայմաններից։ Մեկ ընտանիքի կաթնասուն, մյուսին նապաստակ, մեկ այլ ընտանիքի մեղուների փեթակ տրամադրելով՝ բարեգործ ընտանիքի ու այլ նվիրատուների ցանկությունը սկսում է իրականություն դառնալ․ ընտանիքները կարողանում են օրվա հաց վաստակել և կայունացնել իրենց նյութական կարգավիճակը։ Սա էլ հիմնադրամին թույլ է տալիս նոր ընտանիքների օգնություն ցուցաբերել։  

«Կան ընտանիքներ, որտեղ երիտասարդ աղջիկներն ուզում են մասնագիտություն ձեռք բերել՝ մատնահարդար, վարսահարդար դառնալ։ Նրանց համար պայմաններ ստեղծեցինք նախ սովորելու, հետո աշխատելու համար։ Երբ այս ընտանիքները կարողանում են իրենց գոյությունն ապահովել, մենք հովանավորում ենք այլ ընտանիքների, որոնք աննկարագրելի պայմաններում են ապրում․ տուն՝ առանց տանիք, առանց սանհանգույց և այլն։ Խնդիրները շատ են, հատկապես տեղահանված 120 հազար արցախահայության հետ միասին նման ընտանիքների թիվն անհամար է արդեն», - սրտի ցավով ասում է Անելգան ու երախտագիտություն հայտնում տոնավաճառում գնումներ կատարելու միջոցով այս մարդասիրական գործում լումա ունեցողներին և բոլոր նվիրատուներին։   

«Արսլանյան» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, ԼՂ-ի և սփյուռքի կարիքավոր ընտանիքներին աջակցության տարբեր միջոցներ տրամադրելու նպատակով։ Լարա Արսլանյանը 2020 թվականին մեկնարկել է «Protect ARTsakh» բարեգործական արվեստի առցանց աճուրդը, իսկ Անելգա և Լորի Արսլանյանները ղեկավարում են հիմնադրամը և դրա շրջանակներում իրականացնում տարբեր նախագծեր։ 

«Մեկ գյուղ մեկ տրակտոր» նախագիծը ևս Արսլանյան հիմնադրամի կարևոր ծրագրերից մեկն է, որի շնորհիվ սահմանամերձ, ծայրահեղ աղքատ պայմաններում գտնվող յոթ գյուղ արդեն ունի տրակտոր։ Այս տրակտորների շնորհիվ սակավաթիվ բնակչությունը կարողանում է իր գոյությունն ապահովել գյուղատնտեսության միջոցով։  

Անելգա Արսլանյանը ծնվել, մեծացել է Բելգիայում։ Մասնագիտությամբ բժիշկ Արսլանյանը Սպիտակի երկրաշարժի օրերին գնացել է Հայաստան և այդ օրվանից մինչև այսօր Հայաստան գնալը, Հայաստանում արձակուրդներ անցկացնելն ընտանիքի կյանքի անբաժան մասն է։ «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կառույցի անդամ Անելգայի համար արմատները շատ կարևոր են եւ հենց այդ գիտակցությամբ է ցանկանում օգտակար լինել յուրաքանչյուր հայի, ով նեղության մեջ է։ 

«Արսլանյան» հիմնադրամը կազմակերպում է  նաև դրամահավաք նախաձեռնություններ՝ Հայաստանի հիվանդանոցներին անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ապահովելու համար, ինչպիսիք են նորածինների վերակենդանացման սարքավորումները։  Արցախցի փախստականներին տրամադրում է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, վերմակներ, բարձեր և սավաններ՝ ավելի հարմարավետ կենցաղ ապահովելու համար։ Նախագծերը շատ են, կարիքավոր ընտանիքները՝ ևս։ «Արսլանյան» հիմնադրամը փորձում է զգայունություն առաջացնել նաև բելգիացիների մոտ։ Իսկ ամանորյա բարեգործական տոնավաճառին հայ արվեստագետների ձեռագործ աշխատանքները ներկայացնելը նաև լավ առիթ է հայկական մշակույթին ծանոթացնելու համար։   

Եվրոպական խորհրդարանի Ամանորյա տոնավաճառին մասնակցելուց առաջ, մեկ շաբաթ շարունակ բարեգործական վաճառքն իրականացվել է Բրյուսելի ամենաբանուկ փողոցներից մեկում տեղակայված հայ մի ճարտարապետի գրասենյակում, ով իր դռները սիրով բացել էր՝ հանուն հայանպաստ գործի։ 

 

 

Հայերեն العربية English Français