Խեղաթյուրված պատմական փաստերը կարող են սնել հակամարտությունների ցիկլերը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ պատմության դասավանդման ԵԽ համաժողովին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն ունի այնպիսի միջավայրի ձևավորման համար, որտեղ պատմության ուսուցումը հիմնված է ժողովրդավարական մշակույթի և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման սկզբունքի վրա։

Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ համաժողովի այս տարվա խորագիրը՝ «Պատմությունը ճգնաժամում», միանգամայն համահունչ է ներկա իրականությանը: «Մենք ականատես ենք լինում ուժի մտահոգիչ նորմալացմանը, ժողովրդավարական հաստատությունների նահանջին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճին, և այդ ճգնաժամին ավելանում են նաև ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը:

Հայաստանը շատ լավ ծանոթ է այս մարտահրավերներին։ Անվտանգության խնդիրներից բացի՝ մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության ու մշակութային ինքնության խեղաթյուրման տարբեր դրսևորումներին։ Մեր փորձը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող են խեղաթյուրված պատմական փաստերը սնել ատելությունը և նպաստել հակամարտությունների ցիկլերի շարունակությանը։ Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության և փոխըմբռնման հիմք՝ խաղաղություն և հաշտեցում խթանելու համար, այլ ոչ թե հանդիսանա բաժանարար կամ մոլորեցնող օրակարգերն առաջ տանելու գործիք»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդգծել է նաև պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի շեշտադրման խնդիրը, որը խրախուսում է տարածքաշրջանային գլոբալ ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը։ Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ճշգրիտ և հավասարակշռված պատմության ուսուցման անհրաժեշտությունը, որը հարգում է բազմազանությունը և մերժում ատելության ու խտրականության բոլոր ձևերը՝ կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ մոտիվացված հակամարտությունները և մարդկության դեմ հանցագործությունները։ 

Նա տեղեկացրել է՝ դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով:

«Խաղաղության մշակույթը սկսվում է քաղաքացիներին կենտրոնացնող նորարար կրթությունից, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար անդրադառնալ պատմությանը։ Հայաստանն այս գործին նվիրված է և աջակցում է նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը դուրս են բերում առաջնագիծ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ այս առաքելությունում ընդգծելով Եվրոպայի խորհրդի դերակատարումը:

Նշվում է, որ Ստրասբուրգ այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը նաև հանդիպում է ունեցել Եվրոպայում պատմության դասավանդման դիտարանի կառավարող խորհրդի ղեկավար Ալեյն Լամասուրի հետ: Համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև Մոնտենեգրոյի կրթության, գիտության ու նորարարության նախարար Անդելա Ջակսիչ-Ստոյանովիչի հետ առանձնազրույցում: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցել է նաև ԵԽ երիտասարդության կենտրոն, որտեղ գործադիր տնօրեն Տոբիաս Ֆլեսենկեպերի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալը շրջել է կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ինչպես նաև հանդիպել այնտեղ դասընթացի մասնակցող ՀՀ ներկայացուցիչներին: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը` շեշտելով, որ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում առանձնակի կարևորություն է տրվում երիտասարդական կենտրոնների ստեղծման և զարգացման, ոչ ֆորմալ կրթության  դասընթացների կազմակերպման ուղղությանը:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ստրասբուրգի համալսարանի նախագահ Միխել Դենեկենի հետ, որի հետ քննարկվել են համագործակցության ուղղությունները` մասնավորապես, կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը:

 

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը