Իրավունք

Պաշտոնատար անձն ազատազրկվել է 7 տարի ժամկետով՝ խոշտանգման համար

2 րոպեի ընթերցում

Պաշտոնատար անձն ազատազրկվել է 7 տարի ժամկետով՝ խոշտանգման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և բավարարել դատախազի` պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Մ.-ին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Դատախազը միջնորդել էր Դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանձ կողմից խոշտանգում կատարելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի ժամկետով»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Ա.Մ.-ի նկատմամբ մեղադրանք էր  առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 30-ից զբաղեցնելով Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը՝ 2018 թվականի մարտի 16-ին ժամը 00:35-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր մեղադրյալ Ա.Ա.-ին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում