ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վահրամ Գայֆեճյան-145: Վերացականության ակունքներում» ցուցահանդեսում ընդգրկված են արվեստագետի «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը (1902–1907), որոնք նկարչի ստեղծագործության ամենավաղ՝ մոսկովյան, մոդեռն-սիմվոլիստական շրջանից մեզ հասած բացառիկ գոհարներ են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցադրությունը շատ սպասված է: «Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն արվեստաբան Լիլիթ Սարգսյանի հետ սկսել ենք բավականին վաղուց: Վերջապես տեսնում ենք հրաշալի արդյունքը: Նմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ»,-ասաց Հակոբյանն ու հավելեց՝ ցուցահանդեսը ոչ թե Վահրամ Գայֆեճյանի աշխատանքների հետահայաց ցուցադրություն է, կամ նրա աշխատանքների ամբողջական ցուցադրություն, այլ նրա ուշագրավ աշխատանքների ցուցադրություն:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, որը երկար տարիներ ղեկավարել է պատկերասրահը, ընդգծեց՝ Վահրամ Գայֆեճյանը հայ կերպարվեստի մեծամեծերից է և հայ կերպարվեստի առաջին սիմվոլիստը: «Սիմվոլիզմը սկսել է հենց նրանից»,-նշեց Միրզոյանը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, որը նաև ցուցադրության համադրողներից է, հիշեցրեց՝ Հենրիկ Իգիթյանը Գայֆեճյանին համարում էր լուռ հանճար:
«Ճակատագիրը և պատմական վայրիվերումները, Հայաստանի խորհրդայնացումը, այդ իրականությունը չնպաստեցին նրան, որ Վահրամ Գայֆեճյանի արվեստը համաշխարհային ճանաչում ձեռք բերի և արժանի գնահատում ստանա: Հատուկենտ հայ արվեստագետների անուններ են աշխարհում հայտնի: Մեր նպատակն է Գայֆեճյանի դստեր՝ Էլլեն Գայֆեճյանի տարիների հետազոտությունների, հրատարակած գրքերի և իմ՝ համեստիս ջանքերի շնորհիվ, որոնց միջոցով փորձում եմ աջակցել ու շարունակել Էլլեն Գայֆեճյանի աշխատանքը, հանրահռչակել Վահրամ Գայֆեճյան արվեստագետին ու նրա ստեղծած աշխարհը»,-ասաց համադրողը:
Վահրամ Գայֆեճյանը (1879–1960) XX դարի հայ կերպարվեստի և գեղարվեստական կրթության հիմնադիրներից է: Նա հայկական իմպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչներից և առաջին հայ մոդեռնիստներից մեկն է, որի արվեստը ձևավորվել է XX դարասկզբին ռուսական ավանգարդի միջավայրում՝ կազմելով նրա մասը։ Գայֆեճյանը նաև արդյունաբերական և քաղաքային ժանրերի առաջատար վարպետներից է հայ կերպարվեստում։
Խորհրդային շրջանում նկարիչը գաղտնի էր պահում «Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» «վտանգավոր» շարքերը, և միայն նրա մահից հետո դուստրը՝ արվեստաբան Էլլեն Գայֆեճյանը, հայտնաբերեց, ասպարեզ հանեց, ուսումնասիրեց դրանք։ Պատանի Գայֆեճյանն այդ գործերը ստեղծելիս լրջորեն տարված էր մոդեռնի դարաշրջանի ծրագրային գաղափարներով՝ ուղղված ներքին, անտեսանելի, ոգեղեն էությունների և զգացումների երևակմանը արվեստի լեզվի համապարփակ նորացման միջոցով, զուգորդական և ինտուիտիվ եղանակներով:
Այդ ճանապարհին նա տեսողական պատկերը մերձեցնում է երաժշտությանը՝ կանխազգալով վերացական արվեստի ռահվիրա Վասիլի Կանդինսկիի սինեսթեզիայի գաղափարը։ Նրբազգաց և ինտելեկտուալ Գայֆեճյանը Կանդինսկիից մի քանի տարով ավելի վաղ ընդհուպ մոտեցավ վերացական արվեստին, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով իր այդ փորձարարությունները շարունակություն չունեցան, մինչդեռ, այս մանրիկ գլուխգործոցները մոնումենտալ տարածություն գրավելու միտում ունեն, և դրանում այսօր հնարավոր դարձավ համոզվել մեծ մասշտաբի մեջ դրանց թվային վերարտադրման միջոցով։
«Դեկորատիվ մոտիվներ» և «Գունային կոմպոզիցիաներ» շարքերը Գայֆեճյանն առաջին անգամ ցուցադրել է 1919-ին Հայ արվեստագետների միության երկրորդ ցուցահանդեսին Թիֆլիսում, երբ դրանք անմիջապես գրավել են ժամանակի առաջադեմ արվեստի հանրության ուշադրությունը և հիշատակվել մամուլում։ 1961 և 1972 թվականներին շարքերը ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում և պետական (այժմ ազգային) պատկերասրահում նկարչի հետմահու ցուցահանդեսներում։ 1972-ին ցուցահանդեսի պատկերագրքի ներածական տեքստը հեղինակել է Երվանդ Քոչարը, որն անչափ բարձր էր գնահատում Վահրամ Գայֆեճյանի արվեստը։ Այդ ցուցահանդեսները, նկարչի ողջ գեղարվեստական ժառանգությամբ հանդերձ, մեծապես ազդել և նպաստել են XX դարի երկրորդ կեսի ազգային մոդեռնիզմի կայացմանը, որի վավերագիր վկայությունները բազմաթիվ են։
Վահրամ Գայֆեճյանը հայ կերպարվեստին ազնվական փայլ հաղորդեց և այն բարձրացրեց համաեվրոպական արդի արվեստի մակարդակին։
Ցուցահանդեսի համադրողներն են Լիլիթ Սարգսյանն ու Մարգարիտա Խաչատրյանը: