«Ֆենոմենալ». Սրբուհի Սարգսյանը նոր երգ ու հոլովակ է հրապարակել
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, որը վերջին շրջանում հանդես է գալիս Սրբուկ անունով, երկրպագուների դատին է հանձնել «Ֆենոմենալ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Սրբուկն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, հովոլակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:
Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:
Լայն լսարանը երգչուհուն ճանաչեց X-Factor միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում: Սրբուկը մրցույթում զբաղեցրեց երկրորդ տեղը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրեց Պապոյանի հեղինակած և գործիքավորած Boat երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվեց հունիս ամսվա հաղթող երգ: 2012-ից Սրբուհին ստեղծել է Allusion բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր:
«Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում Սրբուկը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Նա հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում։
«Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր մրցույթում երգչուհին ներկայացրել է Հայաստանը: