ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» փաստավավերագրական ֆիլմը միտված է բարձրաձայնելու վերջին տարիներին գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարք ֆիլմի երրորդ և եզրափակիչ մասն է։ Այն կյանքի է կոչվել բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, որից կառույցը որևէ շահույթ չի հետապնդում:
ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի խոսքով՝ ֆիլմի նկարահանման երեք տարիների ընթացքում Հայաստանում մի ամբողջ իրադարձությունների շարք է տեղի ունեցել:
«Ստեղծագործական թիմի պայծառ միտքն ու մարդկային որակներն այնպիսին էին, որ մենք սրտանց հավատում էինք, որ միանշանակ կստացվի մի այնպիսի ֆիլմաշար, որը կլինի ուսուցողական և կհամապատասխանի նաև ԱրարատԲանկի տեսլականին և նպատակներին: Մեր հիմնական նպատակը հայ մարդու կերպարի ստեղծման և ազգային գաղափարախոսության ձևավորման շուրջ աշխատանքներ տանելն է»,- նշեց Անանյանը:
Ֆիլմաշարի հեղինակ և ռեժիսոր Վահե Սուքիասյանի խոսքով՝ այն ազդակներն ու կարևոր ասելիքները, որոնք հնչեցվել են, միանշանակ կտան իրենց արդյունքները: Ըստ նրա՝ այդ ազդակներն արդեն կան, քանի որ նոր սերունդը այլ կերպ է նայում ու ընկալում աշխարհը:
«2020 թվականից հետո մենք շատ ընկճված և դեպրեսիվ վիճակում էինք, որը նորմալ է, բայց քանի որ մենք պատմություն չգիտենք և ծանոթ չենք հոգեբանությանը, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն էր և մեզ վրա ազդում էր ավելի ուժեղ, քան պետք է ազդեր: Ցանկացած պատերազմից հետո ընկճումը կա, բայց կա նաև ելք և դրանք շատ են, պարզապես մենք չենք օգտագործում: Այդ իսկ պատճառով այս երեք ֆիլմերով մենք փորձում ենք տալ ինչ-որ հենակետ, ըստ որի մարդիկ կարողանան թոթափել պարտության ազդեցությունը և ապրելու վախը»,- ասաց ռեժիսորը:
Եռաշարքը մեկնարկել է երեք տարի առաջ: «Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, որոնց հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։
ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը նշեց, որ առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի համատեղ ջանքերով։
«Ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում և սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության և ռազմագիտության ուսուցիչների կողմից»,- նշեց Ալլահվերդյանը։
Իսկ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։
ԱրարատԲանկի և ֆիլմաշարի հեղինակների խոսքով՝ դեռ վաղուց են ցանկացել նկարահանել ֆիլմաշար, որը կներկայացներ ազգային արժեքների պահպանման և հստակ արձանագրման կարևորությունը:
Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո ևս բաց տարբերակով կտեղադրվի Բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։