Մշակույթ

Լևոն Մալխասյանի 80-ամյակը կնշվի հոբելյանական համերգով

2 րոպեի ընթերցում

Լևոն Մալխասյանի 80-ամյակը կնշվի հոբելյանական համերգով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում արտիստին նվիրված համերգային երեկո կանցկացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանը 15 տարեկանում ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմեն Օսկար Պիտերսոնի երաժշտությունը` հավերժ կապեց իր կյանքը ջազի հետ: Ինչպես ինքն է ասում՝ ապրում եմ, որ ջազ նվագեմ։ 

Հոբելյանական համերգին արտերկրից Հայաստան են ժամանել ՌԴ ժողովրդական արտիստ, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը՝ Լիբանանից, երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն՝ Վրաստանից: Համերգին նաև հանդես կգան Լևոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։ 

Համերգային երեկոն տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան/ և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի  /գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան/ մասնակցությամբ:

Համերգային երեկոն իրականացնում են Երևանի քաղաքապետարանն ու «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում