ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Զառա Մխեյանը, որը կերծում է՝ հրաշքն ինքներս ենք ստեղծում, կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե հեքիաթ ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացումը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 26-28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում:
Սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում:
Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույն զգացմունք է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին, սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով, սերը կյանք է պարգևում, սերն ամենակարող է:
Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որով պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները: Տասնյակ համարները, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ, ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին: Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացնում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթը։ Ներկայացման կոմպոզիտորն Էդգար Գյանջումյանն է:
«Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով: Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին:
Սառցե շոուների համար հանդերձանք ստեղծելը բազմաթիվ դիզայներների սիրելի զբաղմունքն է։ Դրանք ստանդարտ չեն, տպավորիչ են և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը։ Այնուամենայնիվ, բեմական կոստյում կարելը դյուրին գործ չէ։ Այն ներկայացումների բեմադրիչի հետ համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ զգեստը պետք է փոխանցի շոու-ծրագրի գաղափարը և հույզերը։
Զգեստները իսկական արվեստի գործ են և կարևոր դեր են խաղում սառույցի վրա հեքիաթային աշխարհը պատկերելու գործում:
«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 20 վարպետ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է:
Սովորաբար դիզայներները ներշնչվում են երաժշտությունից և երգերի թեմաներից, որոնց ազդեցության տակ էլ ծնվում են առաջին գաղափարները: Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները, ինչը բավականին երկար ճանապարհ է:
Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է: Խորհուրդ է տրվում մասնակցել 2 տարեկանից բարձր երեխաներին: Սառցե շոուի լեզուն անգլերեն է: