ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոն կոմպոզիտորին հնարավորություն է տալիս աշխատել տարբեր ժանրերում, լինել խենթ, չվախենալ ասելիքից ու չունենալ սահմաններ. այսպես է կարծում երիտասարդ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը, որը երաժշտութուն է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Վարդապետի լռությունը», «Կյանք ու կռիվ», «Էրկեն կիշեր», «Սողոմոնի երգերը», «Արշալույսի լուսաբացը», «Ամերիկացի», «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը», «Մեդալի հակառակ կողմը» և այլն։ Թվարկված կինոնկարներից մի քանիսը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի։ Այդ հաջողությունը ոգևորում է կոմպոզիտորին, ոգեշնչում ավելին անել, ավելիին ձգտել։
«Արմենպրես»-ի թղթակիցը Բերբերյանի հետ զրուցել է կինոերաժշտության կախարդանքի, ստեղծագործական ազատության, թիմային աշխատանքի կարևորության և այլ հարցերի շուրջ։
-Դիտել եմ ֆիլմերից մի քանիսը, որոնց կոմպոզիտորն եք։ Ինձ դուր է գալիս, որ և՛ սյուժեի, և՛ ռեժիսորների մոտեցումների, և՛ երաժշտության առումով կինոնկարները շատ տարբերվում են։ Երբ աշխատում էիք այդ ֆիլմերի շուրջ, կանխատեսո՞ւմ էիք, որ հաջողություն կունենան։ Կարո՞ղ ենք ասել, որ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» կանաչ լույս էր Ձեզ համար։
-Կանաչ լույսն ավելի վառ վառվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմից հետո, որը մեր կինեմատոգրաֆիայի համար ճանապարհ հարթեց դեպի «Օսկար», դեպի ամերիկյան շուկա։ Ֆիլմի՝ «Օսկար»-ի կարճ ցուցակում հայտնվելն ամենակարևորագույն իրադարձություններից էր մեր կինոյում, որովհետև նման քայլերի արդյունքում իսկապես մեծ հեռանկարներ են բացվում մեր առաջ, և նոր սերունդն, այդ ամենը տեսնելով, հասկանում է, որ հնարավոր է և ձգտում է այդ որակներին, համամարդկային արժեքների մասին բարձրաձայնող ֆիլմերին, որոնք կարող են նմանատիպ հարթակներում ուշադրության արժանանալ։
-Մի առիթով թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հետ էի զրուցում։ Նա ասաց, որ աշխատել է «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի շուրջ և խոստովանեց՝ երբ դիտել է ֆիլմի կադրերը, շատ է տպավորվել։ Կարծում է՝ այդ տպավորությունն ազդել է նրա կատարման վրա։ Գուցե, հարցս շատ տեխնիկական է, բայց կարծում եմ՝ ընթերցողներին կհետաքրքրի... Երբ կոմպոզիտորն է սկսում աշխատել ֆիլմի վրա, միայն սցենարի՞ն է ծանոթանում, թե՞ պատրաստ կադրեր կան, որոնք ուսումնասիրելով է ստեղծագործում։
-«Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ընթացքում Նարեկ Հախնազարյանի հետ աշխատեցինք իմ ստեղծագործության ձայնագրման վրա։ Նա վարպետորեն կատարեց իր գործն ու յուրահատուկ հնչերանգ հաղորդեց երաժշտությանը։ Ֆիլմի շուրջ կոմպոզիտորի աշխատանքի տարբեր մոդելներ կան։ Հիմնականում սցենարն եմ կարդում, ծանոթանում եմ մոնտաժային առաջին տարբերակին։ Այդ փուլում է ամենակարևոր աշխատանքը սկսվում, երբ կադրում տեսում եմ խաղը, ռեժիսորական լուծումներն ու աշխատում երաժշտական դրամատուրգիայի ստեղծման վրա։ Երբեմն շատ լավ սցենարը կարդալուց հետո որոշ պատկերացում կազմում ես, ինչի շնորհիվ թեմաներ են առաջ գալիս, որոնք կարելի է հետագայում մոնտաժված տարբերակում փորձարկել, բայց միշտ չէ, որ այն, ինչ կարդացել և պատկերացրել ես, նկարահանված տարբերակի հետ համահունչ է։ Երբեմն փոփոխություններ են կատարվում կենդանի խաղի ընթացքում, հետո ամբողջ ֆիլմի տեսարանները կարող են փոխվել, ինչի հետևանքով ամբողջական դրամատուրգիայի կառուցվածքն է փոխվում, հետևաբար կոմպոզիտորի մուտքը ֆիլմի վերջին փուլում ասես վրձնի վերջին շարժումը լինի։
-Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմում հիմնականում Կոմիտաս է հնչում, սակայն Ձեր երաժշտությունն այնքան գեղեցիկ է, ֆիլմի հետ ներդաշնակ և սահուն, որ չի խանգարում Կոմիտասին։ Մեծության հետ նույն հարթակում հնչելու մարտահրավերն ինչպե՞ս ընդունեցիք։ Անհանգստություն կա՞ր։
-Այստեղ գալիս է ֆիլմի հրաշքը, երբ դու՝ որպես կոմպոզիտոր, պետք է կարողանաս նաև հետևում լինել, շատ չխոսել և որդեգրել ձեռագիր, այս պարագայում՝ հայ հանճարի՝ Կոմիտասի ձեռագիրը, որպեսզի ո՛չ խանգարես նրա երաժշտությանը, ո՛չ ավելորդ ուշադրություն գրավես, ո՛չ էլ փորձես տարբերվել։ Ես որոշեցի հենց այդ ճանապարհով գնալ։ Կարծում եմ՝ դրա շնորհիվ ֆիլմի երաժշտությունն արժանացավ «Անահիտ» մրցանակի, և հանդիսատեսը կարողացավ զգալ այն նրբերանգները, որոնք փորձել էի պահպանել։ Միշտ ասում եմ, որ այդ ֆիլմի երաժշտությունն իմ կողմից մի փոքրիկ օմաժ է մեծանուն Վարդապետին։
-Երբ Ձեզ առաջարկում են աշխատել այս կամ այն ֆիլմի շուրջ, ասես թելադրվում է Ձեր անելիքը։ Կա նաև ինքնաբուխ ծնվող երաժշտություն։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է ավելի անկեղծ։
-Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ավելի ակադեմիական ժանրում էի գրում՝ սիմֆոնիկ, կամերային, ավելի պոստմոդեռնիստական ոճով՝ երբ միտք ու գաղափար ես արտահայտում երաժշտությամբ, իսկ ֆիլմում երաժշտությունը նաև ծառայում է կադրին։ Երկու գործընթացն էլ ինձ հետաքրքիր է, պարզապես կենտրոնացումդ այլ կերպ է աշխատում։ Պետք է մի բան փաստեմ՝ Հայաստանում ինչ-որ չափով անտեսված է կոմպոզիտորի հեղինակային երաժշտությունը. շատ սակավաթիվ են արդի երաժշտության համերգները, շատ քիչ է կոմպոզիտորի պահանջը։
-Երկրում կոմպոզիտորական արվեստի փառատոններ կազմակերպվում են։
-Փառատոններ կան, սակայն, փառատոններում երաժշտությունդ վայելելով, չես կարող ապրել։ Քո աշխատանքը նաև քո ստեղծագործությունն է, եթե չկան մեխանիզմներ, որոնք կոմպոզիտորին հնարավորություն կտան վաստակել երաժշտությամբ, ստիպված ես փնտրել կոմերցիոն մոդել, երբ կարող ես ստեղծագործել ու վաստակել։
-Ա՞յդ մոտեցումն է Ձեզ տարել կինոարվեստ։
-Փոքրուց տարված եմ եղել կինոերաժշտությամբ, սիրել եմ Մորիկոնեի, Հանս Ցիմերի, Ջոն Ուիլյամսի և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ուստի ֆիլմերաժշտությամբ զբաղվելս շատ բնական էր։ Տարված լինելով այդ ամենով՝ կոնսերվատորիայում ակադեմիական երաժշտություն էի սովորում, որն իմ աշխարհայացքը փոխեց, և այդ հարստությամբ մուտք գործեցի ֆիլմարվեստ՝ նոր հայացքով, նոր գաղափարներով։ Երբևիցե չեմ մտածել, որ ֆիլմերի երաժշտությունը կոմերցիոն է կամ ավելի թույլ է, քան ակադեմիական երաժշտությունը, քանի որ այն շատ լայն է, բխում է այն թեմաներից, որոնց հետ գործ ես ունենալու. կարող ես երաժշտության ցանկացած տեսակ կիրառել ֆիլմում։ Ինձ դա գերեց։ Ֆիլմն այն տիրույթն է, որտեղ ես՝ որպես կոմպոզիտոր, կարող եմ ինձ դրսևորել ջազ, ռոք, սիմֆոնիկ և այլ ժանրերում։ Չեմ գտել ֆիլմում որևէ սահման, որտեղ երաժշտությունը չի կարող իրեն դրսևորել բարձր գաղափարներով։
Չնայած փորձիս՝ շատ բան եմ սովորում ռեժիսորներից, հայտնաբերել եմ որոշ նյուանսներ, որոնք ոչ մի տեղ չեն սովորեցնի։ Կինոյում կոմպոզիտորը չպետք է միայն իր էգոն ու ամբիցիան արտահայտի։ Ֆիլմն ունենում է ալեկոծումներ, էմոցիոնալ շեշտադրումներ, կամ՝ երաժշտական պասիվ ընթացք, ինչպես նաև հատվածներ, երբ երաժշտությունը պետք է խոսի. բայց շատ կոմպոզիտորներ սխալ են գործում ու փորձում են ֆիլմում դրսևորել իրենց այն մտքերը, որոնք պետք է դրսևորեն հեղինակային երաժշտության մեջ։ Երբ այդ էգոն խառնվում է ֆիլմի խաղին, և երաժշտությունն ինքնանպատակ է դառնում, ֆիլմի սինքրետությունը վերանում է, իրարից անջատվում են կադրը, երաժշտությունը, հնչյունը, օպերատորական, դերասանական աշխատանքները։
-Կան ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ, որոնք ապրում են իրենց կյանքով։ Շատերս անգամ կդժվարանանք հիշել, թե այս կամ այն երգը կամ երաժշտությունը որ ֆիլմից է...
-Այդ ստեղծագործությունները հնչում են ռադիոյով, տարբեր միջոցառումների ընթացքում։ Հանդիսատեսի և երաժշտության կապը չի ընդհատվում։ Երաժշտությունը զարգանում է, և շատերը ֆիլմը հիշում են հենց երաժշտությամբ։ Ժամանակ է անցնում, հնարավոր է՝ ֆիլմը մնա դարակում, բայց երաժշտությունն այն հիշողությունն է, որ հետ է բերում մարդկանց դեպի կինոն և առիթ դառնում, որ մարդիկ այն վերանայեն։ Հայաստանում այնքան էլ այդպես չէ. ֆիլմի թողարկմանը զուգահեռ պետք է թողարկվի երաժշտությունը։ Դա հնարավորություն կտա, որ երաժշտությունը մնայուն դառնա ու իր տեղը գտնի համաշխարհային արվեստում։
-«Գահերի խաղը» սերիալի գլխավոր դերակատարներից Էմիլիա Քլարկը հարցազրույցներից մեկում պատմում է, որ հյուրանոցի վերելակով իջնելիս լսել է, թե ինչպես են առաջին հարկում կազմակերպված հարսանիքի ժամանակ մարդիկ խենթացած ունկնդրում սերիալի սաունդթրեքը։ Նա խոստովանում է, որ ապշել է, քանի որ այդ երաժշտությունը բնավ հարսանեկան չէ։
-Հիշեցի այդ սերիալում արյունոտ հարսանիքի դրվագը։
-Հավանաբար, հարսանիքի մասնակիցներն էլ են դա հիշել։ Դրայզերի խմբագիրը գրողին խնդրում է դրամատիկ ավարտել «Ջեննի Գերհարդ» գիրքը՝ վստահեցնելով, որ այդ պարագայում այն ավելի տպավորիչ, ազդեցիկ կլինի։ Երաժշտության պարագայում ինչպե՞ս է։ Պատահո՞ւմ է, որ գիտակցված անեք ամեն բան, որ ունկնդիրը հուզվի։
-Տարբեր ֆիլմեր են, տարբեր իրավիճակներով ու դրություններով, բայց կինոարվեստը թույլ է տալիս լինել խենթ, չվախենալ ասելիքից։ Կինոյում կա կադրերի հաջորդականություն, երբ մտածված է, թե որ կադրից հետո ինչ կադր պետք է դրվի, ինչ անցումով՝ որ ճիշտ ազդի։ Երաժշտության պարագայում ևս այդպես է։
Պետք է իմանալ, թե որտեղ է երաժշտություն հարկավոր, որտեղ՝ լռություն: Երբ հեղինակային երաժշտություն ես գրում, գիտես, թե երբ պետք է սկսես գլխավոր թեման, երբ զարգացնես այն։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է երաժշտական ձև ունենա։
-Ֆիլմերի պրեմիերաներին մասնակցելիս՝ նկատում եմ, որ մեր հանդիսատեսը շատ պահանջկոտ է ու հաճախ է նշում, որ երաժշտությունն այս կամ այն ֆիլմում գերակշռում է, և հենց դրա հաշվին է կինոնկարը հուզում։
-Տասնհինգ տարվա ստեղծագործական փորձ ունեմ. կարելի է ասել՝ կյանքիս կեսը նվիրել եմ ֆիլմերի երաժշտությանը։ Սկզբնական շրջանում սրտնեղում էի այն հանգամանքից, որ մեր ռեժիսորները երաժշտության հետ աշխատելու չափն ու քանակը երբեմն չեն զգում, թվում էր՝ երաժշտության օգտագործման հետ կապված որոշ վախեր ունեն։ Դա ինձ կաշկանդում էր։ Զգում էի, թե ինչպես կարելի է այս կամ այն տեսարանը երաժշտությամբ ներկայացնել. աշխատանքի ընթացքում ապացուցեցի, որ երաժշտությունը կարող է բարձրացնել ֆիլմը, և պետք չէ այն դիտարկել որպես ֆոն։ Ռեժիսորների հետ համագործակցելով՝ ընդհանուր եզրակացության եկանք։ Ինձ հաջողվեց այնպես անել, որ երաժշտությանը տրվի այն տիրույթը, որում այն պետք է լինի։ Արդյունքում հանդիսատեսը հաճախ ծափահարում է այն հատվածներում, երբ երաժշտությունը հասնում է կուլմինացիայի, ծափահարում է վերջում՝ հուզված ֆիլմի ազդեցությունից։ Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» կինոնկարի պրեմիերային անդադար ծափերի ականատես եղա, երբ ամբողջ ֆիլմի եզրափակիչ հատվածում երաժշտությունը հասնում է գագաթնակետին, իսկ ֆիլմը ոտքի կանգնելու, կանգ չառնելու, չվհատվելու մասին է։ Պարզ է, որ երաժշտությունը պետք է իր գործն անի, որ հանդիսատեսն «ալիքի վրա մնա»։
-Դուք աշխատել եք հայտնի, տաղանդավոր ռեժիսորների հետ։ Բավականին երիտասարդ եք։ Հետաքրքիր է՝ ինքնաբավության զգացում ունե՞ք։
-Ընդհանրապես։ Շատ ռեժիսորներ կփաստեն, որ իմ աշխատանքից միշտ դժգոհ եմ։ Ժամանակը երբեք բավարար չէ ավելին անելու համար։ Ուզում եմ առավելագույնն անել, ավելի ճշգրիտ լինել, աշխատել ու հասնել նրան, ինչին ձգտում եմ։ Երբեմն ստացվում է, երբեմն ցանկանում եմ ինչ-որ բան փոխել, սակայն կինոյում կան ժամկետներ, որոնց պետք է հետևել. մեր միջավայրում շատ հաճախ խելամիտ ժամկետներն էլ են բացակայում: Դժգոհությունը, որ մնում է ինքս իմ հանդեպ, ինձ մոտիվացնում է հաջորդ աշխատանքի համար, եթե գոհ լինեմ, գուցե, դադար ուզեմ։ Ամենաշահագրգռողն այն հարցն է, թե հաջորդ ֆիլմն ինչ է բերելու իր հետ՝ նոր ասելիք, նոր խոսք. հաջորդականությունների անսպասելիություն կա։ «Ամերիկացի»-ից հետո չգիտեի, որ սպորտային ֆիլմի վրա եմ աշխատելու, որում սիմֆոռոք ժանրը կընտրեմ։ Չէի մտածի, որ կաշխատեմ Դավիթ Բաբայանի հետ «Բլյուզ» կարճամետրաժ ֆիլմի վրա և բյուզ կգրեմ, կամ Գոռ Ենգոյանի «Վերադարձ դեպի ռոք» ֆիլմի համար ռոք կգրեմ։
-Իսկ մտքում կինո նկարո՞ւմ եք, հանդես գալի՞ս եք ռեժիսորի դերում։
-Շատ ֆիլմերի գաղափարներ են ծնվում, որոնք, հույս ունեմ, մի օր կիրագործեմ ոչ թե որպես ռեժիսոր, քանի որ հարգում եմ այդ մասնագիտությունն ու պատասխանատվությամբ եմ դրան մոտենում, այլ՝ կոմպոզիտոր։ Չեմ ընկալում այն, որ կարելի է վեր կենալ ու ֆիլմ նկարել։ Պետք է գիտելիք, պաշար, ճաշակ, մոտեցում ունենալ, որոնք անհրաժեշտ են քայլ անելու համար։ Այդպես աշխատում եմ որպես կոմպոզիտոր։ Ժամանակի զգացողությունը ֆիլմում, պատասխանատվությունը, առօրյա երաժշտական թրենդները. այդ ամենին պետք է հետևել։
-Ենթադրում եմ, որ թե՛ ռեժիսորների, թե՛ կինոյի երաժշտություն գրող կոմպոզիտորների համար կարևոր են միջազգային համագործակցությունները։ Գիտեմ արվեստագետների, որոնք բաց չեն թողնում Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոնների կինոշուկաներին մասնակցելու առիթը, որտեղ կարող են ներկայացել իրենց աշխատանքները։ Դուք աշխատո՞ւմ եք այդ ուղղությամբ։
-Շատ նպատակասլաց մարդ եմ, քայլերս փորձում եմ գնահատել, հասկանալ, թե երբ ինչ է պետք անել, իմանալ, թե ուր կարող եմ հասնել։ Այն երազողը, որ իմ մեջ կա, պետք է իրականացնի նպատակները։ Հիմա մեր նպատակն է միջազգային ասպարեզում մեծ համագործակցություններ ունենալ։ Կարծում եմ՝ պատրաստ եմ մեծ ֆիլմերում ուժերս փորձել։ Ունեցել եմ տարբեր ֆիլմերի համագործակցություններ արտերկրում։ Վերջերս Իտալիայում կայացած Golden կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին արժանացել եմ մրցանակների ռեժիսոր Ալիսա Զոլոնցի Love Photosynthesis (Սիրո ֆոտոսինթեզ) ֆիլմի երաժշտության համար։ Այդ հաղթանակից հետո մտածմունքների մեջ ընկա, հասկացա, որ իմ երաժշտությունն առաջին անգամ է ռեժիսորը ներկայացնում փառատոնի։ Ինքս հայտ ներկայացնելու իրավունք չունեմ. դա կարող են անել ռեժիսորը, պրոդյուսերը։ Ֆիլմի երաժշտությունը ևս մի գործիք է, որով կարող ես պայքարել միջազգային դաշտում։ Ավելին կարող էին լինել նվաճումները, եթե ամեն ֆիլմով զբաղվողը նաև այդ կետին ուշադրություն դարձներ, փորձեր դրանից մի բան քաղել։ Այժմ շատ ուշադիր եմ այդ հարցերի շուրջ։ Աշխարհն այնպիսին է, որ ճանաչումն այդ ճանապարհով է ձեռք բերվում, և կարիերան զարգանում է՝ նման կետերից ելնելով։
-Հույս ունեմ, որ Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, որը Հայաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի, երաժշտության առումով ևս հաջողություն կունենա, որովհետև այն շատ հարուստ է ոչ միայն գործողություններով ու հրաշալի տեսարաններով, այլև երաժշտական լուծումներով։
-Էդգար Բաղդասարյանը պրոֆեսիոնալ ռեժիսոր, պրոդյուսեր է։ Գնահատում եմ նրա արվեստն ու շատ ուրախ եմ մեր համագործակցության համար։ Նա միշտ գիտի, թե ինչպես պետք է «հնչի» իր կինոն, ինչն ինձ ոգևորում է։ Յաշայի մասին ֆիլմում երաժշտությունը բազմազան է՝ իրավիճակային, պատմողական, սերբական, ռումինական։ Հետաքրքիր էր ուսումնասիրել ռումինական երաժշտությունն ու երաժշտական հատված գրել, որը կընկալվի որպես ռումինական ժողովրդական ստեղծագործություն։ Դա պատասխանատու էր։ Ֆիլմում շատ ենք օգտագործել նաև դասական գործեր։ Կա դրվագ, երբ Նարեկ Հախնազարյանը Սեն-Սանս է կատարում։
- Չորս տարի առաջ հիմնադրել եք Berberyan Production Studios-ը։ Ի՞նչ առաքելություն ունի այն, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։
-Ստուդիան միտված է Հայաստանում ֆիլմերաժշտության և հնչյունային հետարտադրական աշխատանքների զարգացմանը։ Աշխատում ենք թիմով։ Երբ տեսնում ես, որ մի կոմպոզիտորը կյանքի ընթացքում կարող է հեղինակել երաժշտություն 300 ֆիլմի համար, հասկանում ես, որ այդտեղ ինչ-որ բան է կատարվում։ Ուսումնասիրելով՝ հասկացա, որ կոմպոզիտորի թիկունքում տարբեր մասնագետներ կան, որոնք, ասես, հենասյուն լինեն։ Վերջին մի քանի տարում եմ սկսել կիրառել այս մոդելը, որը շատ բարդ է մեր երկրում, որովհետև մասնագետները քիչ են։ Դեռ փնտրտուքի մեջ ենք, համալրում ենք թիմը։ Պետք է թիմ, որը նաև մարքեթինգով, ադմինիստրատիվ հարցերով զբաղվի։ Կապ չունի, որ դու ֆիլմերի կոմպոզիտոր ես, կապ ունի, որ կա թիմ, որը պետք է դուրս գա միջազգային ասպարեզ ու ցույց տա իր ունակությունները, և մենք ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ։ Լինելով կառույց՝ կարողանում ես ավելի լուրջ, ռազմավարական նշանակության քայլեր անել։ Վերջին տարիներին մեր ստուդիան ներգրավված է եղել «Օսկար»-ի ներկայացված ֆիլմերում։ Ցանկանում եմ ասել, որ իմ կողքին շատ կարևոր մարդ կա։ Խոսքը հնչյունային ռեժիսոր Տիգրան Կուզիկյանի մասին է, որի հետ աշխատել եմ բոլոր ֆիլմերի շուրջ։ Երաժշտության և հնչյունային աշխարհի ձայների ճիշտ համադրությունը մեծ նշանակություն ունի։ Գուցե, կոմպոզիտորն այլ մտքեր ունենա, հնչյունային ռեժիսորը՝ այլ, և այդ երկուսի համատեղ աշխատանքը չստացվի։ Մեր համագործակցությունը ներդաշնակ է։
-Կոնսերվատորիան ավարտել եք դիրիժորի մասնագիտությամբ։ Հնարավո՞ր է՝ մի օր դիրիժորությամբ զբաղվեք։
-Բանակից վերադարձա ու սկսեցի ֆիլմերի երաժշտություն գրել։ Դիրիժորը հիմնականում դասական ժանրում է դրսևորվում։ Ընտրության առջև էի՝ ստեղծագործե՞լ ֆիլմերի համար, գրե՞լ նոր երաժշտություն, այն, ինչն ինձ հետաքրքում է, թե՞ դիրիժորությամբ զբաղվել։ Ընտրեցի կոմպոզիտորի կարիերան։ Հիմա ևս կասեմ, որ շատ կցանկանամ ղեկավարել, սակայն այդ օրը դեռ չի եկել։ Ի ուրախություն ինձ՝ դիրիժորությունն այն մասնագիտությունն է, որը տարիք չի հարցնում։
-Պատկերացնո՞ւմ եք՝ մի օր ղեկավարեք Ձեր սեփական ստեղծագործությունը։
-Պատկերացնում եմ, բայց օր առաջ ուզում եմ, որ իմ ստեղծագործություններն առհասարակ կատարվեն, կապ չունի՝ իմ ղեկավարությամբ, թե ուրիշի։ Ցանկանում եմ, որ բոլոր ստեղծագործությունները, որ գրում եմ ֆիլմերի համար, համերգային ընթացք ստանան։
-Անդրանիկ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մաղթում եմ, որ Ձեր ձեռքբերումները կրկնապատկվեն։
-Ես եմ շնորհակալ։