ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային աստղ Քրեյգ Դեյվիդը դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համախմբված երկրպագուներին իր հիթերով հնարավորություն տվեց վերադառնալ 2000-ականներ, հիշել դպրոցական, ուսանողական տարիներն ու ևս մեկ անգամ փաստել՝ Դեյվիդի երգերը ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երևանյան առաջին մենահամերգին արտիստը ներկայացավ TS5 շոուով, կատարեց հին ու նոր երգեր՝ նոր գործիքավորմամբ ու մշակմամբ, կարողացավ ավելի քան 1 ու կես ժամ առույգ պահել երաժշտասերներին, որոնք նրա հետ շնչում, արտաշնչում էին:
Համերգին հնչեցին 7 Days, Walking Away, Rise & Fall, Insomnia և մի շարք այլ երգեր: Նա ցույց տվեց, որ ոչ միայն փայլուն վոկալային տվյալներով, էներգիայով լի արտիստ է, այլև հրաշալի դիջեյ:
Քրեյգ Դեյվիդն ասաց, որ շատ գնահատում է երկրպագուների սերն ու ջերմությունն ու մի քանի անգամ կրկնեց՝ «մերսի շատ»:
Համերգի ավարտից հետո երգիչն «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից տեսանյութ էր հրապարակել ու գրել. «Հավերժ երախտապարտ եմ այն սիրո համար, որն ինձ այս երեկո նվիրեցիր, Երևան, Հայաստան»:
TS5-ը բացառիկ փակ երեկույթ է եղել՝ կազմակերպված արտիստի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։
Քրեյգի TS5 շոուն ցնցել է աշխարհի խոշոր դահլիճները՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, Գլաստոնբերիից մինչև Բրիքսթոն Ակադեմի, O2 Արենա և այլն։