Իրավունք

Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

1 րոպեի ընթերցում

Օրենքի խախտմամբ օտարված հերթական հողամասը կվերադարձվի համայնքին. Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 29-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի ու Կ.Պ.-ի միջև 2005 թվականի հունիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ որպես գործարքի անվավերության հետևանք՝ Դատարանը Կ.Պ.-ին պարտավորեցրել է Երևան համայնքին վերադարձնել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող՝ 1.286 հա մակերեսով հողամասը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի փետրվարի 2-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և որպես հետևանք անվավեր ճանաչել գույքի նկատմամբ Կ.Պ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Գլխավոր դատախազության հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 2005 թվականի հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հակասել է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում