Տնտեսություն

Առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս

3 րոպեի ընթերցում

Առաջարկվում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը 5-ի փոխարեն սահմանել 1 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

ԲՏԱ ոլորտի ընկերություններին պետական աջակցություն, հարկային արտոնություններ նախատեսող փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո տարբեր քննարկումների, ստացված առաջարկների արդյունքում փոփոխությունների է ենթարկվել:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծում կառավարության կողմից սահմանված պետական աջակցության ենթակա տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվում է աշխատանքային միգրանտների և նոր աշխատողների ներգրավման համար եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով աջակցություն»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր մինչև 30 աշխատակից ունեցող ընկերությունների համար սահմանել եկամտային հարկի չափով գումարի 100 տոկոսի վերադարձ, իսկ 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների համար՝ 50 տոկոսի չափով գումարի վերադարձ: Նախարարությունը որոշել է առաջնորդվել համահարթ մոտեցմամբ:

Առաջարկվում է մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման դեպքում եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական-իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն՝ նկատի ունենալով, որ նախագծից հանվում են վերապատրաստման նպատակով տնտեսավարողի կողմից կատարված գործուղման ծախսերի փոխհատուցման կարգավորումները: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով փոքր ընկերությունների համար նախատեսված էր 50 տոկոսի չափով գումարի վերադարձ վերապատրաստման համար, իսկ խոշորների պարագայում՝ 25 տոկոս: 

Փոփոխություններ են կատարվել նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում: «Օրինակ՝ առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը նախագծով առաջարկվող 2 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս»,-ասաց նախարարը:

Այս պահին շրջանառության հարկը 5 տոկոս է, առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր այն նվազեցնել՝ հասցնելով 2 տոկոսի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում