Հայաստան

Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը

3 րոպեի ընթերցում

Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության օպտիմալացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նպատակ ունի ապահովել կենտրոնի ֆինանսական կայունությունը՝ նվազեցնելով ոչ շահութաբեր ծառայությունների ծավալները։

Մեծամորի բժշկական կենտրոնը երկար տարիներ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում։ Կուտակված պարտավորությունները, որոնք ներկայումս կազմում են մոտ 86 միլիոն ՀՀ դրամ, խոչընդոտում են կազմակերպության բնականոն գործունեությանը։ Պարտավորությունների կուտակման հիմնական պատճառներն են․ վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների կասեցումը 2021 թվականից, տեխնիկական վերազինման բացակայությունը և շենքային անմխիթար պայմանները, աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ կապված հավելյալ ֆինանսական բեռը, COVID-19 համավարակի ընթացքում բժշկական կենտրոնի ծախսերի անարդյունավետ փոխհատուցումը։

Նախագծով առաջարկվում է դադարեցնել կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի գործունեությունը, ինչը կնվազեցնի բժշկական կենտրոնի ծախսերը, կրճատվում է բժշկական կենտրոնի ընդհանուր մահճակալային ֆոնդը՝ ապահովելով ավելի բարձր ծանրաբեռնվածություն մյուս բաժանմունքներում։

Կենտրոնում շեշտը դրվում է առավել պահանջված՝ թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների գործունեության վրա։

Որոշման ընդունմամբ ակնկալվում է կայունացնել բժշկական կենտրոնի ֆինանսական վիճակը, բարձրացնել կենտրոնի մատուցած ծառայությունների որակը, ապահովել Արմավիրի մարզի ազգաբնակչության հասանելիությունը կարևոր բժշկական ծառայություններին։

Մեծամորի բժշկական կենտրոնը ունի 169 աշխատակից, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ։

Կենտրոնի պարտավորություններ՝ 86 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում՝ հարկային և վարկային պարտքեր։

Կենտրոնի աշխարհագրական կարևորությունը՝ կենտրոնը գտնվում է գերսեյսմակայուն շինությունում և կարևոր դեր ունի ճգնաժամային իրավիճակներում։

Նախագիծը մշակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կողմից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում